«Առաջին ալիքը» սյուժե է ցուցադրել Պետրոզավոդսկի 22-ամյա բնակչի մասին: Յան Ռեդզյուլիսը սեպտեմբերի 26-ին մահացել է, քանի որ բժիշկները հրաժարվել են նրան հիվանդանոց տեղափոխել եւ ուղարկել են տուն:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան  երիտասարդին փողոցում գտել էին ոստիկանները, մի քանի ժամ անց բժիշկները զանգահարել էին տղայի մորը եւ պահանջել որքան հնարավոր է արագ նրան տանել հիվանդանոցից: Բուժօգնություն ցուցաբերելուց հրաժարվելու պատճառը Յան Ռեդզյուլիսի ոչ սթափ վիճակն էր եղել:

Տանը Ռեդզյուլիսի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նրան կրկին հիվանդանոց էին տարել: Այս անգամ բժիշկները նրա մոտ գանգուղեղային ծանր վնասվածք էին հայտնաբերել, գլխուղեղի վնասվածք եւ արյան զեղում: Ցավոք, շատ ժամանակ է անցած եղել,  սեպտեմբերի 26-ին Յանը հիվանդանոցում մահացել է, հայտնում է  «Կարել Ինֆորմ»-ը:

Դատախազությունը ստուգումների արդյունքում եզրակացրել է, որ ուսանողի մահվան են հանգեցրել առաջին անգամ բուժհաստատություն տեղափոխվելիս բուժօգնություն չստանալը, սխալ ախտորոշումը եւ հոսպիտալացնելուց հրաժարվելը: Ներկա պահին բժիշկ-նյարդաբանի նկատմամբ արդեն հարուցվել է քրեական գործ: