Մենք պետք է մեր կառավարություններին ստիպենք, որ լինեն ավելի իմաստուն եւ գործունյա, որ ունենանք մարդավայել աշխատանք եւ աշխատավարձ՝ ապահովելով մարդավայել կենսամակարդակ: Այս մասին, այսօր ` դեկտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով աղքատների օգնության միջազգային օրվան:
Նրա խոսքով՝ Հայաստանում ամենաբարեկեցիկ մարզը Սյունիքն է, որտեղ կան աշխատող հիմնարկներ, այնտեղ է նաեւ ամենաբարձր աշխատավարձը: «Ամանաբարձր աշխատավարձը Հայաստանում տեղեկատվական ոլորտում է, իսկ երկրորդը հանքագործությունն է, որը Սյունիքում է զարգացած»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Խոսելով ամենաաղքատ մարզից, նա ասաց, որ դա Տավուշի մարզն է եւ սահմանամերձ գյուղերը, որոնք իրենց ապրանքը վաճառելու շուկա չունեն: «Շուկան այնքան հեռու է, որ արտահանումն իմաստազրկվում է, քանի որ ճանապարհածախսը շատ է: Բայց աղքատության շեմը գյուղում եւ քաղաքում նույնն է՝ 32 տոկոս, պետական վիճակագրությամբ: Բայց գյուղում մի առավելություն կա, որ այնտեղ սոված չեն մեռնի, եթե կով ունեն՝ մածուն կլինի, դաշտ ունեն՝ ցորեն, ծառ ունեն՝ միրգ»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























