Չինաստանում 250 հազար լրագրող եւ խմբագիր պետք է մարքսիստական գաղափարախոսությունից քննություն հանձնեն:
Չինաստանի մամուլի գլխավոր վարչությունն այժմ լրագրողների շրջանում տարածում է 700-էջանոց ձեռնարկը, որի հիման վրա էլ տեղի է ունենալու թեստավորումը: Այն նախատեսված է 2014թ. սկզբին, ընդ որում՝ քննություն չհանձնած լրագրողները կզրկվեն հավատարմագրերից:
Վարչությունից հայտնում են, որ քննության նպատակն է «բարձրացնել չինական լրագրության որակը եւ ոգեշնչել լրագրողներին, որպեսզի սոցիալիզմը դառնա նրանց արժեքային գլխավոր համակարգը»: Ըստ վարչության վճռի՝ մամուլին արգելվում է «կուսակցությանը հակասող մեկնաբանություններով հոդվածներ հրապարակել»: Պետմարմնում նաեւ նշվում է, որ «կուսակցության եւ լրատվամիջոցների հարաբերությունները տիրոջ եւ ծառայի հարաբերություններ են», հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լրագրողական դպրոցներն այժմ գլխավորելու են Չինաստանի քարոզչության բաժանմունքի պաշտոնյաները:
Նշենք, որ համացանցում իրականությանը չհամապատասխանող լուրերի եւ տեղեկությունների տարածումը Չինաստանում քրեական հանցանք է ճանաչվում:





























