Հայաստանում «Carrefour»-ը առեւտրային այլ ցանցերի համեմատ կարող է անհավասար պայմաններում հայտնվել, դեկտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է  Հայաստանի Գինեգործների միության նախագահ  Ավագ Հարությունյանը:

«Իհարկե, ճշգրիտ տվյալների տիրապետել չեմ կարող: Բայց որքան գիտեմ, ֆրանսիացիներին ցանկանում են համոզել՝ ապրանքի փողն արտադրողին վճարել խելամիտ ժամկետում:  Աշխարհում դա ասելով նկատի են ունենում 28 – 90 օր: Բայց բանն այն է, որ մնացած սուպերմարկետներից դա չեն պահանջում: Թե ինչու՝ չեն բացատրում», -հայտարարել է Հարությունյանը:

Արդյունքում սուպերմարկետները կարող են վաճառված ապրանքների գումարը չվճարել ամիսներով, անգամ՝ տարիներով:  «Ստացվում է, որ  առեւտրային  ցանցերն իրենց զարգացումը ֆինանսավորում են տեղական արտադրողների հաշվին: Արտասահմանում գիտակցում են, որ դա արտադրողների համար վտանգավոր է: Այդ պատճառով պետությունը պահանջում է վաճառքի գումարը նրանց փոխանցել խելամիտ ժամկետներում», - նշել է Հարությունյանը:

Հայաստանում ալկոհոլ արտադրողները Նոր տարվա շեմին գները չեն թանկացնի, ընդգծել է նա. շուկան չափազանց հագեցած է: Տոներից առաջ 45 արտադրողներ մոտ 1 մլն լիտր գինի են հանել շուկա: «Բայց մանր գինեգործները առեւտրի սուբյեկտներին երկար ժամանակ չվճարելու համար ռեսուրսներ չունեն, ուստի արտադրության խոշորացման վտանգ կա», – հայտարարել է Հարությունյանը:

Զուտ կոմերցիոն տեսակետից, հավելել է նա, դա կարող է շահավետ լինել, սակայն ոչ գինու նման ապրանքի համար: «Դա նույնն է, եթե մի քանի գեղարվեստական արվեստանոցներ համատեղվեն մեկում: Գինին ոչ միայն արդյունաբերություն է, այլեւ՝ մշակույթ: Եվ փոքր արտադրողներն արժեքավոր են հենց իրենց գինիների բացառիկությամբ», - նշել է Հարությունյանը: