Արարատի մարզի Հնաբերդ գյուղի դպրոցի տնօրեն Անժելա Մեջլումյանին աշխատանքից հեռացրել են և այսօր` դեկտեմբերի 20-ին, դպրոցի տնօրենի պաշտոնակատար են նշանակել գյուղապետ Պողոսյան Մարատի սիրուհուն՝ Վարսիկին, հարեւան Այգեստան գյուղից: Այս մասին NEWS.am-ին ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը՝  նշելով, որ դպրոցի ուսուցիչներն այժմ հավաքվել են Արարատի մարզպետարանում՝ պահանջելու, որ Անժելա Մեջլումյանին վերականգնեն տնօրենի պաշտոնում։

«Փոխմարզպետը և գյուղապետը համաձայնության գալով՝ բանսարկություններ կազմակերպեցին, թե իբր մեր տնօրենը 1500 դրամ փող է հավաքել ծնողներից երեխաների սննդի համար և պաշտոնից ազատելու հրաման են ուղարկել»,- ասաց ուսուցիչը՝ նշելով, որ 2 ամիս առաջ դպրոցի բակում գյուղապետը 3 հատ ծառ էր կտրել, ինչի պատճառով խիստ նկատողություն էին արել դպրոցի տնօրենին. «Այն տնօրենին, որ 2000 ծառ է տնկել և դրանց հետևում է, 3 ծառի պատճառով խիստ նկատողություն են անում»։

Ուսուցիչը պատմեց, որ երեխաների սննդի համար դպրոցի ծնողկոմիտեն որոշել է հավաքել 1000-ական դրամ, իսկ գյուղապետի կինը առաջարկել է, որ 500 դրամ էլ ավելի հավաքեն, որ այդ գումարով խոհարարը ափսեները լվանալու պարագաներ գնի, ինչի մասին դպրոցի տնօրենին տեղյակ չեն պահել:

«Այս ամենը բանսարկություն է, որը կազմակերպել են գյուղապետը և փոխմարզպետը իրենց ուզած մարդուն դպրոցի տնօրեն նշանակելու համար»,- ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը` ավելացնելով, որ 2 տարի առաջ փոխմարզպետը գումար է վերցրել Վարսիկից, որպեսզի տնօրեն նշանակի, սակայն չի կարողացել:

Ուսուցչի խոսքով` գյուղապետը միշտ սպառնացել է Անժելա Մեջլումյանին` ասելով՝ «դու ինքդ ազատման դիմում գրի, այլապես լավ չի լինի քեզ համար»:

Դպրոցի ուսուցչի խոսքով` ամբողջ ուսուցչական կազմը և գյուղը ոտքի է կանգնել, և բողոքելու են բոլոր հնարավոր ատյաններում, որպեսզի պաշտպանեն նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանին: