Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում՝ Կինոյի տանը, տեղի է ունեցել «Կիսում եմ քո ցավը» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը՝ Սպիտակի ողբերգական երկրաշարժի մասին:

Ֆիլմը դիտելու էին եկել երկրաշարժի հետեւանքների վերացմանը մասնակցած անձինք, որոնք 1988թ.  Տարաս Շեվչենկոյի անվան Կիեւի ազգային համալսարանի եւ Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներ էին, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ եւ կինեմատոգրաֆներ, հայտնում է AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով  «Էկոնոմիչեսկիե իզվեստիան»:

Ֆիլմի ցուցադրությունը նվիրված էր Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցին: Աղետը 45 վայրկյանում կյանքից զրկել էր 25 հազար մարդու եւ ավերել չորս քաղաք ու երեք հարյուրից ավելի գյուղ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում եւ վանքերում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին ժամերգություններ էին տեղի ունեցել:  Չերնովեց քաղաքում տեղի էր ունեցել խաչքարի բացում:  

«25 տարի առաջ հայ ազգն ապրել է իր պատմության ամենաողբերգական դրվագներից մեկը: Ավերիչ երկրաշարժի հետեւանքով մի վայրկյանում հազարավոր մարդիկ կորցրել են իրենց տանիքն ու հարազատներին:

Այն ծանր օրերին մեր ժողովրդի կողքին կանգնած էին  իսկական ընկերներ, մեծամասամբ նրանց օգնության շնորհիվ հաջողվեց վերապրել սարսափելի աղետը: Հայ ժողովուրդը հիշում եւ անսահման երախտապարտ է ողջ մարդկությանը, որ մեզ մենակ չթողեցին Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

Հատուկ ջերմությամբ ենք հիշում այն, որ հայ ժողովրդին օգնության եկած առաջին բարեկամներից էր Վիկտոր Ֆեոդորովիչ Յանուկովիչը:

Խոսքերը բավական չեն արտահայտելու հայերի սրտի ողջ երախտագիտությունը՝ դժվար պահին մեր ժողովրդին օգնության եկածների  հանդեպ»,- հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանը: