Ոստիկանությունը պնդում է, որ տասնյակ ցուցարարներ բերման չեն ենթարկվել:

Լրատվության վարչության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանության Արաբկիրի բաժին են բերվել երկու քաղաքացի՝ Վարդգես Գասպարին եւ Անտոն Իվչենկոն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-դ կետի համաձայն՝ Վարդգես Գասպարիի եւ 182-րդ հոդվածի համաձայն՝ Անտոն Իվչենկոյի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:

«Զանգվածային լրատվության միջոցներին կրկին կոչ ենք անում՝ ապատեղեկատվություն չտարածելու եւ հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու համար տեղեկատվությունն անպայման ճշտել ոստիկանությունից»,- կոչ է արել ոստիկանությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր՝ դեկտեմբերի 20-ին խորհրդարանի մոտ բողոքի մեծ ակցիա է եղել՝ ընդդեմ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի վավերացման: Ակցիայի մասնակիցները համաձայնագրերը համարում են Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն: Տասնյակ մարդկանց ոստիկաններն ուժով նստեցրել են մեքենաներ, ապա բաց են թողել: Ըստ ցուցարարների, ոստիկանները նաեւ կոտրել են Անտոն Իվչենկոյի քիթը՝ բերման ենթարկելու ժամանակ: