Եվրամիությունը 41 մ,լն եվրոյի փաթեթ է ընդունել՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությանը, մարզերի զարգացմանը եւ գյուղատնտեսությանն աջակցելու համար: Այդ օգնությունը տրամադրվում է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, հաղորդում է ԵՄ-ի պաշտոնական կայքը:

«ԵՄ-ն եւ Հայաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը փոխադարձ շահեր ներկայացնող բոլոր ոլորտներում, ընդհանուր արժեքների հիմքի վրա: Մեր օգնությունը գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման, հավասարակշռված տարածքային զարգացման, առավել արդյունավետ քաղծառայության եւ քաղաքացիական հասարակության ամրապնդման համար զգալի խթան կլինի Հայաստանում բարեփոխումների համար եւ կոնկրետ օգուտ կբերի մարդկանց»,-ասել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հարեւանության եւ գործընկերության ծրագրերի շրջանակներում եւ կազմված է երեք մասից՝ աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղական համայնքներին (25 մլն եվրո), աջակցություն Հայաստանում համայնքների զարգացմանը (10 մլն եվրո) եւ աջակցություն ԵՄ-Հայաստան համաձայնագրին (6 մլն եվրո)