Պետք չէ քննարկել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի մասին» համաձայնագիրը, պարզապես պետք է ստորագրել այն, եթե երկիրը պարտքեր ունի: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ համաձայնագրի քննարկումների ժամանակ:

Հակոբյանն ընդդգծել է, որ չի ցանկանում քննարկել այն հարցը՝ արդյոք Հայաստանի կառավարության գործողությունները համապատասխանում են Սահմանադրությանը կամ օրենսդրությանը: «Եթե կա պարտք, ապա պետք է վճարել: Գործարքը լավը կլիներ, եթե հաջողվեր պահպանել Հայաստանի սեփականությունը, քանի որ դա թույլ կտար գումար վաճառել: Եթե գործարքը պարտադրված էր, այլ հարց է: Եթե այդպես է, եկեք չքննարկենք, ուղղակի ստորագրենք»,-ասել է Հակոբյանը:

Պատգամավորը նաեւ ընդգծել է, որ եթե գործարքը պարտադրված էր, ապա հարկավոր է քննարկել 300 մլն դոլարի պարտը մարելու այլընտրանքային ուղիների հնարավորությունը: Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներից մեկը կարող էին լինել Սփյուռքի միջոցները, որոնք կարելի է ուղղել պարտքը մարելուն ու «ՀայՌուսգազարդում» Հայաստանի բաժինը պահպանելուն:

Իր հերթին ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Մանվել Բադեյանը կառավարությանը մեղադրել է խախտումների մեջ. «Էներգետիկայի նախարարը հայտարարում է, որ «ՀայՌուսգազարդը» 2011-ից սկսած գազն ավելի թանկ գնով է գնել, սակայն բնակչությունը նախկին գներով էր ստանում: Ստացվում է, որ ընկերությունը ի վնաս իրեն է աշխատել, սակայն դրա հետ մեկտեց եկամտահարկ է վճարե՞լ: Այստեղ ինչ-որ բան այն չէ»: