Մաքսային միությանն անդամակցելու մասին Հայաստանի որոշումը չի անդրադարձել արդարադատության բնագավառում ԵՄ-ի հետ համագործակցության վրա,  դեկտեմբերի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարը նշել է, որ հարաբերությունները ոչ միայն չեն վատացել, այլեւ գերազանցել են սպասելիքները:

Ըստ նրա, արդեն 29 միլիոն եվրոյի համաձայնագիր է կնքվել՝ նախատեսված 20 միլիոնի փոխարեն՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

ԱՄՆ-ի զարգացման գործակալության հետ կնքվել է համագործակցության համաձայնագիր, որն ուղղված է արդյունավետ կառավարման զարգացմանը:  Միաժամանակ շարունակվում է ԱՄՆ-ի դեսպանատան եւ Գլխավոր դատախազության համագործակցությունը: Հավելյալ համաձայնագրի շրջանակում 250 հազար դոլար կուղղվի ՔԿՀ համակարգի զարգացմանը: 

Նախարարը նաեւ հայտնել է, որ հաջորդ տարվանից նախարարությանը կից գործելու է  հանրային խորհուրդ: Հրայր Թովմասյանը նշել է, որ նախագծերի որոշումները քննարկելիս ակնկալում է քաղաքացիների ակտիվ մասնակցությանը: