Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ 2013թ. համագործակցության ծրագրի ամփոփումը: Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե իրենց ելույթներում ՀՀ պաշտպանության նախարարը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը գերազանց գնահատեցին կատարված աշխատանքները` նշելով, որ համագործակցությունը մեծապես նպաստել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ լավ կառավարման    ուղղությամբ իրականացվող բարեփոխումների ինստիտուցիոնալիզացմանը:

Ամփոփումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը ստորագրեցին ՀՀ ՊՆ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցության 2014թ. ծրագիրը: