Ինտերնետ-հսկա «Google»-ը հայտարարում է պետական մարմինների կողմից իրենց կայքերից պարունակության հեռացման հարցումների թվի կտրուկ աճի մասին, մասնավորապես Թուրքիայի եւ Ռուսաստանի կողմից: Այդ մասին գրում է բելգիական «La Libre Belgique» կայքը՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:
2013թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում նման հարցումների թիվն աճել է 68 տոկոսով նախորդ կիսամյակի համեմատ: Խումբը, որին իր բրենդի կայքերից բացի պատկանում է նաեւ օնլայն-վիդեոների «YouTube» կայքը, հաղորդում է, որ ընդհանուր առմամբ ստացել է 3846 կառավարական դիմում ամբողջ աշխարհում 24.737 միավոր նյութ հեռացնելու վերաբերյալ: «Google» նշում է, որ այդ հարցումների միայն 36 տոկոսն է բավարարել:
«Զեկույցը, անշուշտ, օնլայն գրաքննության մասին ամբողջական պատկերացում չի տալիս, սակայն ցույց է տալիս դրա աճի մտահոգիչ միտումը», - նշում է «Google»-ի իրավական հարցերով պատասխանատու Սյուզան Ինֆանտոն: Նրա խոսքով՝ վերջին չորս տարիների մյուս «մտահոգիչ միտումն» այն է, որ «կառավարությունները շարունակում են դիմել քաղաքական բովանդակություն ունեցող նյութերը հեռացնելու վերաբերյալ»:Թուրքիայում տեղեկատվության հեռացման հարցումների թիվն աճել է 966 տոկոսով: Ռուսաստանում այդ թիվը կազմում է 125 տոկոս, հիմնականում նոր օրենսդրության շնորհիվ, որը սահմանափակում է Համացանցի օգտագործումը, ընդ որում, 235 հարցումներից «Google»-ը բավարարել է միայն 115-ը:





























