«Հայաստանում այսօր գործում են հակակարկտային մոտ 60 կայաններ, եւս 28-ը կառուցման փուլում են»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը։

Տեղեկացնելով, որ հակակարկտային կայաններ կառուցելու համար պետությունը գյուղատնտեսության ոլորտին այս տարի 550 մլն դրամ է հատկացրել, նա նաեւ տեղեկացրեց, որ գործող եւ կառուցման փուլում գտնվող կայանների կողքին կտեղադրվեն եւս 48-ը. «Հայտնի է, որ կարկտաբեր ամպերը Հայաստան հիմնականում Թուրքիայից են գալիս, սակայն տարվող աշխատանքների արդյունքում Արարատ-Արմավիր սահմանագիծը կփակվի եւ այս գոտին լիովին պաշտպանված կլինի»,- նկատեց Խաչիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս տարի, ցրտահարությունների եւ կարկուտների հետեւանքով, վատ է լինելու հատկապես ծիրանի բերքի վիճակը. «Այս տարի ծիրանի շատ քիչ բերք է սպասվում»,- տեղեկացրեց նա։ Նա նաեւ ընդգծեց, որ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նախատեսում է մարզեր կատարած այցելությունների շրջանակներում տեղում ծանոթանալ գյուղացու խնդիրներին եւ փորձել աջակցություն ցուցաբերել նրան։ «Կարեւոր է նաեւ կառավարության՝ „Զվարթնոց“ օդանավակայանի տարածքում ազատ գոտու ստեղծելու գաղափարը կյանքի կոչելը, ինչը կնպաստի Հայաստանից մեծ քանակությամբ գյուղատնտեսական ապրանքներ արտահանելուն»,- համոզմունք հայտնեց Խաչիկ Հարությունյանը։

Անդրադառնալով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հարցերին՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ համաձայն կառավարության մշակած հայեցակարգի՝ որոշ գյուղական համայնքներում կստեղծվեն տրակտորային կայաններ, որոնք էլ գյուղում եղած մեկ տրակտորի թանկ ժամավճարի կողքին կդիտվեն որպես այլընտրանք։ «Ենթադրենք՝ տվյալ գյուղում կա ընդամենը մեկ տրակտոր, որի սեփականատերը 1 հա հող վարելու համար թանկ գին է պահանջում. Կառավարության առաջարկն այս դեպքում լավ այլընտրանք կլինի»,- հույս հայտնեց նա՝ հավելելով, որ նախատեսվում է տեխնիկա ներկրել Ճապոնիայից, Չինաստանից եւ Իրանից. «Նախատեսվում է նաեւ բարձր վերարտադրողականությամբ անասունների եւ բարձր բերքատվություն ապահովող սերմացուի ներկրում»,- ամփոփեց հանձնաժողովի նախագահը։