Էկոլոգիական հասարակական դաշինքի ցանցում եւ այլ սոցիալական ցանցերում տարածվել է քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, բիզնեսին, քաղաքացիական նախաձեռնություններին, ստեղծագործական  միություններին ուղղված` Սեւանի էկոհամակարգին սպառնացող եւ չվերահսկվող ծրագրերից Սեւանը փրկելու դիմումի նախնական տեքստը:

Տեքստում ասված է.

«Էկոլոգիական հասարակական դաշինք. Բոլորին, Բոլորին,  Բոլորին` Սեւանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի

Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է բոլորին՝ քաղաքական գործիչներին, կառավարությանը, ստեղծագործական միություններին, հասարակական կազմակերպություններին, շարժումներին, երկրի քաղաքացիներին:

Սեւանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջեւ: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձնաբուծության զարգացման համալիր ծրագիրը»:

Նախագիծը ներկայացված է որպես բնապահպանական, չնայած որ նախագծի բովանդակությունն ուղղակիորեն հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին: Օրենքի նախաբանում ասված է. «Սույն օրենքը սահմանում է Սեւանա լճի՝ որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) եւ հոգեւոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ՝ վերարտադրություն), պահպանման եւ դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆ Է»:

Առաջարկվող ծրագրում նախատեսված է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը մինչ 2023թ-ը հասցնել տարեկան մինչեւ 50 000 տոննայի:  Դրա համար տարեկան լիճ պետք է լցվի  նաեւ ֆոսֆոր եւ ազոտ պարունակող 50 000 տոննա արհեստական կեր: Հենց այս տարրերի շնորհիվ է ապահովվում ձկան արագ աճը: Մենք չունենք տվյալներ այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձկան հետ արհեստական կերակրումից հետո: Նման տեսակի գիտական աշխատանքները պահանջում են երկար ժամանակ եւ մեծ միջոցներ: Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտն անցկացնում է կերի եւ ձկների համար տեղադրված ցանցավանդակների տարածքներից վերցված ջրի նմուշի ուսումնասիրություն՝  հայտնաբերելու աղտոտող նյութերի, ֆոսֆորի եւ ազոտի պարունակությունը: Ջրի նմուշների վերլուծության  արդյունքները չեն կարող փոխարինել թանկարժեք ուսումնասիրություններին, որոնք անհրաժեշտ են նման ծրագրերի հաստատման համար: Մյուս կողմից, ազոտը եւ ֆոսֆորը այն աղտոտիչներից են, որոնք նպաստում են Սեւանի ճահճացմանը: «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում նախատեսված են լճի ճահճացման  դեմ ուղղված նախազգուշացման միջոցառումներ` մասնավորապես  ջրի մակարդակը  6 մետր բարձրացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ջրի մակարդակի բարձրացումն արդեն իսկ ներգրավել է եւ դեռ կներգրավի մեծ ջանքեր եւ մեծ միջոցներ` կապված նոր ճանապարհներ գցելու, էլեկտրալարեր անցկացնելու, նախատեսված 1903,5 մետր նիշից  ցածր նիշերում գտնվող հիմնական կառույցների  քանդման հետ եւ այլն: Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման համար Հայաստանն արդեն հիմա բյուջեից տարեկան մեկ միլիոն դոլլար է ծախսում: Եվ ինչ, մենք պետք է զոհաբերե՞նք այդ ամենը  ձկնային բիզնեսի շահերի համար: Վերադառնանք ծրագրին, որտեղ հստակ ասված է, որ Սեւանում կթողնվի ստացված ձկան քանակության 1,5%-ը, մնացածը կվաճառվի:

Նախագծի հեղինակները հղում են անում նրա վրա, որ կօգտագործվի լճի ամբողջ ծավալի ընդամենը  0,03 %-ը, եւ դա շատ ավելի քիչ է, քան այլ երկրների ջրամբարներում ցանցավանդակային տնտեսությունների համար ընդունված սահմանափակումներն են:  Նման համեմատություններն իրավաչափ չեն: Նախ, եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունում հատուկ պահպանվող տարածքներում  արգելվում է պահպանվող էկոհամակարգի վրա ազդող տնտեսական գործունեություն: Երկրորդ, Սեւանը պաշտպանված է «Սեւանա լճի մասին» ՀՀ հատուկ օրենքով, եւ անցկացնել նմանություն երկրների հետ, որոնք չունեն այդպիսի առաջնահերթություն, ինչպիսին Սեւանն է, եւ այդպիսի օրենք, անիմաստ է: 

Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման հանձնաժողովը, որը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն տվյալ ծրագրի վերաբերյալ, պատրաստ է իր վրա վերցնել ծրագրի մոնիտորինգի գործառույթները: Սակայն, հանձնաժողովը չունի վերահսկողության գործառույթ, նա միայն խորհրդատվական մարմին է: Եթե ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ հանձնաժողովը հայտնի բացասական կարծիք, ապա այդ կարծիքը չի ունենա հարկադիր ուժ կատարման համար:

Մոնիտորինգի արդյունքները կարող են փակ մնալ հասարակայնության համար: Նշենք, որ արդեն իսկ հանձնաժողովի անդամները հրաժարվեցին հասարակայնությանը տրամադրել Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի կողմից անցկացված պիլոտային ձկնաբուծական տնտեսության ջրի նմուշների ուսումնասիրման արդյունքները: Մերժման հիմնավորման մեջ ասված էր, որ ուսումնասիրությունների համար վճարել է «Էմի ֆրութ» ընկերությունը, եւ արդյունքները համարվում են ընկերության սեփականությունը:

Ծրագրում նշված է, որ Սեւանի պահպանման հիմնադրամի միջոցները կհամալրվեն, քանի որ ստացված ձկան ամեն կիլոգրամից 200 դրամ կփոխանցվի հիմնադրամին: Ակնկալվում է, որ 2023 թ-ին հիմնադրամ փոխանցված կլինի 23 միլիարդ դրամ: Այս թիվը ոչնչով հաստատված չէ: Ոչ ոք չի երաշխավորում, թե որքան ձուկ կենդանի կմնա, եթե, օրինակ, սառնամանիքներ լինեն, որքանը կսատկի եւ որքան դուրս կհանվի վաճառքի: Ով է հաշվի առնելու այդ կորուստները կամ եկամուտը, անհայտ է, քանի որ ծրագրում այդ մասին ոչինչ չի ասվում:

Ծրագրից հստակ է մի բան, որ մարդկանց մի խումբ հետաքրքրված է օգտագործել Սեւանա լիճը որպես անվճար ջրամբար ձկնաբուծության համար եւ դառնալ մենաշնորհատեր այդ ոլորտում: Դա բիզնես-ծրագիր է, որի մեջ բարձրաստիճան պաշտոնյաները ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆԸ ՍԵՎԱՆԻ ՏԵՍՔՈՎ:

Այս նախագծի հետ գրեթե միաժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն կրկին հանդես է եկել՝ առաջարկությամբ ավելացնել ջրի բացթողումները «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտա¬դրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված առավելագույն  170 միլիոն խմ-ի փոխարեն մինչեւ 240 միլիոն խմ: Այս անգամ պետկոմիտեն որպես հիմնավորում բերել է ոչ թե երաշտը, այլ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրի գերօգտագործման արդյունքում Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի վիճակի վատթարացումը: Հիշեցնենք, որ վատ կառավարման համար պատասխանատվություն են կրում պետական չինովնիկները, որոնք մի կողմից տրամադրել են թույլտվություններ, թե որտեղ ջուր կարող է ավելի շատ օգտագործվել, մյուս կողմից, չեն իրականացրել բավարար վերահսկողություն ջրի անօրինական օգտագործման նկատմամբ: Արդյունքում, տեղի է ունեցել ստորգետնյա ջրերի ռեսուրսների սպառում, բերրի հողերը դարձել են աղուտներ: Մեղավորներին պատժելու եւ Արարատյան հարթավայրի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ շտապ քննարկում անցկացնելու, գիտնականներին եւ մասնագետներին ներգրավելու փոխարեն գտնվել է ամենապարզ որոշումը՝ առանց հետեւանքները հաշվի առնելու օգտագործել Սեւանա լճի ջրերը:

Դաշինքը կարծում է, որ լճի էկոհամակարգի քայքայումը, ջրի որակի վատացումը կարող է ունենալ անդառնալի եւ աղետալի հետեւանքներ ամբողջ երկրի եւ տարածաշրջանի համար:

Սեւանա լճի էկոհամակարգը պետք է պահպանվի, իսկ ջրի որակը բարելավվի Սեւանա լճի ջրի մակարդակի բարձացման, ջրի աղտոտման կրճատման, մաքրման կայանների տեղադրման հաշվին: Իշխանի եւ այլ տեսակի ձկների բազմացումը պետք է տեղի ունենա բնական պայմաններում, որի համար ձկների ձվադրավայրերը պետք է ազատվեն փոքր ՀԷԿ-երից: Պետք է ընդունվեն լիճ թափվող գետերի ավազանների կառավարման պլաններ, որտեղ կներառվեն կետեր կենցաղային եւ արդյունաբերական թափոնների հեռացման վերաբերյալ: Պետք է արգելվի հանքավայրերի շահագործումը, որոնց թափոնները լցվում են գետեր եւ վերջնական արդյունքում` Սեւանա լիճ: Առաջին հերթին խոսքը Սոտքի ոսկու հանքավայրի մասին է, որը շահագործվում է բաց եղանակով եւ որտեղ կա հանքաքարը ջարդող-տեսակավորող սարքավորում, այսինքն` իրականացվում են հանքաքարի վերամշակման առաջին փուլի աշխատանքները, ինչն արգելված է օրենքով: Պետք է լուծվի Սեւանի առափնյա արգելված գոտում անօրինական շինությունների խնդիրը, լուծվի աղբի խնդիրը:

ԵԹԵ ՍԵՎԱՆԸ ՈՉՆՉԱՑՎԻ, ԱՊԱ ՀԱՅՍԱՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»: