Թմրանյութ արտադրելու և իրացնելու մեղադրանքով 7-12 տարով ազատազրկված՝ «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտի» նախկին աշխատակիցների փաստաբանները պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչի դեկտեմբերի 19-ի դատավճիռը:
«Վերաքննիչ դատարանն անհիմն,առանց պարզաբանելու մերժեց ներկայացված միջնորդությունները, և Շենգավիթի առաջին ատյանի դատավճիռը թողեց անփոփոխ՝ միայն մեկ տարով կրճատելով Հակոբ Համբարձումյանի պատժաժամկետը՝ 10 տարին դարձնելով 9: Այն դեպքում, որ նա տառապում է անձի օրգանական տիպի խանգարումով՝ ինքնասպանության հակումով»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Սամվել Խաչատրյանի փաստաբան Վարդան Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ Շենգավիթի առաջին ատյանի դատարանի կողմից «Ամֆետամին» տեսակի թմրանյութ արտադրելու և իրացնելու մեղադրանքով ազատազրկված «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտի» նախկին աշխատակիցների փաստաբանները Վերաքննիչի առաջին նիստին միջնորդություններ էին ներկայացրել, որոնց դատարանը խոստացել էր անդրադառնալ հաջորդ նիստին: Աշոտ Առաքելյանի փաստաբան Գագիկ Պապոյանը միջնորդել էր, որպեսզի Աշոտ Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխվի, քանի որ նա 10-ից ավելի հիվանդություն ունի, որոնցից չորսը խոչընդոտում են ազատազրկման ձևով պատիժը կրելուն: Արա Ռոստոմյանի փաստաբան Կարեն Քամալյանը նույնպես նման միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ կապված: Կարեն Քամալյանն իր մյուս պաշտպանյալի՝ Հակոբ Համբարձումյանի վերաբերյալ դատահոգեբուժական համալիր ստացիոնար փորձաքննություն անցկացնելու միջնորդություն էր ներկայացրել, քանի որ կարծում է, որ ամբուլատոր փորձաքննությամբ երկու ժամում հնարավոր չէ պարզել հիվանդության այս պահի ընթացքը: Դեկտեմբերի 19-ի դատական նիստին Վերաքննիչ դատարանը մերժել էր միջնորդություններն ու անփոփոխ թողել Շենգավիթի առաջին ատյանի դատարանի որոշումը:





























