Ռուսաստանի Տոմսկ քաղաքում երթուղային ավտոբուսից կին է ցած ընկել: Վարորդին սպառնում է վարորդական իրավունքից զրկում կամ ձերբակալություն:

«Դեկտեմբերի 20-ին առողջության վերաբերյալ բողոքներով բուժհաստատություն է դիմել 51-ամյա կին, ով հաղորդել է, որ առավոտյան Ելիզարովների փողոցում դուրս է ընկել ավտոբուսից: Նրա խոսքով՝ ընկել է այն պահին, երբ ավտոբուսը սկսել է շարժվել կանգառից: Այդ պահին վարորդը չի փակել ավտոբուսի դուռը»,- հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ շրջանային վարչության մամուլի ծառայության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հաղորդում են, որ մի քանի մետր անցնելուց հետո վարորդը կանգնեցրել է ավտոբուսը եւ հետաքրքրվել ուղեւորուհու ինքնազգացողությամբ: Կինը հայտնել է, որ չի տուժել, երթեւեկությունը շարունակվել է, սակայն քիչ անց նրա վիճակը վատացել է. արյան ճնշումը բարձրացել է, գնացել է հիվանդանոց: Բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան թույլ են տվել տուն գնալ:

«ՃՏՊՏ աշխատակիցները պարզել են վարորդի ինքնությունը, նրան սպառնում է մինչեւ 500 ռուբլի տուգանք ուղեւորափոխադրման կանոնները խախտելու համար, ինչպես նաեւ 1 կամ 1,5 տարով վարորդական իրավունքներից զրկում կամ վարչական կալանք մինչեւ 15 օր ժամկետով»,- ավելացրել է ՆԳՆ ներկայացուցիչը: