Քաղաքագետ Արկադի Վարդանյանի փաստաբանները վրդովված են նրա դատավճռից: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արկադի Վարդանյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը՝ անդրադառնալով նրա տասը տարվա ազատազրկմանը:
Նա ասաց, որ հույս ունեին, որ արդարադատություն կլիներ, բայց հակառակը տեղի ունեցավ, հետեւաբար իրենք գործը հասցնելու են Եվրոպական դատարան եւ հույս ունեն, որ այնտեղ գործը կստանա իր օբյեկտիվ գնահատականը:
«Դատարանը շատ երկար եւ համբերատար գործը նայեց, բայց գնահատականը համապատասխան չէր հնչեցված մեղադրանքների հետ: Ինչպես ասում է Արկադի Վարդանյանը, այս գործը քաղաքական հիմքեր ունի:
«Արկադի Վարդանյանը իր 66 տարիների ընթացքում ցուց է տվել, որ ինքը լուրջ հասարակական, քաղաքական գործիչ է, ֆինանսական խնդիրներ չունի եւ չէր կարող նման ցածր գործի մեջ խառնվել: Մենք համարում ենք, որ գործի քննությունը անցել է միակողմանի»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ կողմից իրականացված միջոցառումների արդյունքում այս տարվա մայիսի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել էին Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար: Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն):





























