Արկադի Վարդանյանի դատական գործով խախտվել է անմեղության կանխավարկածը: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նրա փաստաբան Գայանե Գալոյանը՝ անդրադառնալով նրա 10 տարվա ազատազրկման փաստին:
Նրա խոսքով՝ Արկադի Վարդանյանը Արսեն Ավետյանի մտադրության մասին չի իմացել: «Նա վերջին օրն է իմացել եւ այդ վերջին օրվա ձայնագրությունը հիմք են ընդունել եւ դրել մեղադրանքի հիմքում: Դա իրավաբանորեն եւ որեւէ տեղ հնարավոր չէ տեղավորել: Անկեղծ ասած, ես մեր դատարանի նկատմամբ շատ ավելի լավ հույսեր ունեի եւ հույս ունեի, որ արդարությունը դատարանում հաղթելու է եւ մեղադրանքը ըստ նրա կատարած արարքի է որակվելու: Եթե այստեղի, այլ ատյաններում արդարությունը չհաղթի, կփորձենք Եվրադատարանում իրողությունը ներկայացնել»,- ասաց Գայանե Գալոյանը:
Նրա ներկայացմամբ՝ Արկադի Վարդանյանը որպես անձ հայրենիքին նվիրված է. «Նա գտնվում էր Իսպանիայում, բայց իր տունն ու ընտանիքը թողել եկել է Հայաստան, քանի որ Հայաստանին նվիրված է»:
Փաստաբանը կարծիք հայտնեց, որ երբ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ (2013-ի փետրվարի 18-ին) Արկադի Վարդանյանը կանգնեց ժողովրդի կողքին, դրա համար սկսեցին նրա անձի նկատմամբ քաղաքական հետապնդումները:
Հիշեցնենք, որ ԱԱԾ կողմից իրականացված միջոցառումների արդյունքում այս տարվա մայիսի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել էին Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար: Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն):




























