Քաղաքագետ Արկադի Վարդանյանը ձերբակալվելուց առաջ՝ մայիսի 21-ին, պետք է ասուլիս հրավիրեր եւ քաղաքական փաստեր բացահայտեր, սակայն երեք օր առաջ ձերբակալվեց: Այս մասին, այսօր` դեկտեմբերի  21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արկադի Վարդանյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

Լրագրողների հարցին, թե  հետագայում չէ՞ր կարող այդ փաստերը փաստաբանների միջոցով բացահայտեր, նա պատասխանեց. «Մենք փաստաբաններ ենք եւ ունենք մեր լիազորությունների սահմանը»: Ռուբեն Կիրակոսյանը միաժամանակ ընդգծեց, որ այսօր ունենք մի ապշեցուցիչ փաստ, որ 66 տարեկան անձնավորությունը ստանում է 10 տարի պատիժ. «Ինչպե՞ս եք կարծում, դա կարելի՞ է համարել արդար պատիժ, թե մարդուն,  քայլ առ քայլ ոչնչացնելու ձեւ է: Բացի այդ  չեմ կարծում, որ սա Արսեն Ավետյանի գործն է: Դժբախտաբար Արսեն Ավետյանը ընկել է այս անիվների մեջ եւ դարձել այն ձկնորսական փայտիկը, որով պետք էր Արկադի Վարդանյանին բռնել»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ կողմից իրականացված միջոցառումների արդյունքում այս տարվա մայիսի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել էին Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար: Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն):