Ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար նախորդ տարի տրամադրած 1 մլրդ 600 մլն դրամի փոխարեն կառավարությունն այս տարի ոլորտին կհատկացնի ընդամենը 550 մլն դրամ։ Ապրիլի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը։
Նշելով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվելիք զգալիորեն փոքր գումարը ծախսվելու է հիմնականում լեռնային եւ բարձրլեռնային շրջանների տնտեսությունների խնդիրները հոգալու համար՝ նա միեւնույն ժամանակ ավելացրեց, որ կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի անմիջական ներդրումների եւ աջակցության օգնությամբ գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերված պետական աջակցությունը համախառն ներքին արդյունքի ցուցանիշներով հասնի 5 տոկոսի։ «Միացյալ Նահանգներում պետական ներդրումները գյուղատնտեսության ոլորտում կազմում են 30, իսկ որոշ եվրոպական երկրներում՝ մինչեւ 50 տոկոս։ Իսկ մեզ մոտ մշակվում է պարենային անվտանգության հայեցակարգ, որտեղ նախատեսվում է առաջիկա տարիների ընթացքում գյուղատնտեսության համախառն արտադրանքում պետության մասնակցությունը հասցնել մինչեւ 5 տոկոսի»,- նշեց Խաչիկ Հարությունյանը։
Անդրադառնալով ոռոգման ջրի սուբսիդավորման հարցին՝ ոլորտի պատասխանատուն նշեց, որ յուրաքանչյուր տարի դրա համար պետությունը հատկացում է շուրջ 5 մլրդ դրամ. «Անկախ ճգնաժամից՝ այդ ծավալներն այս տարի անփոփոխ են մնացել»,- տեղեկացրեց նա՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ փոխարենը 2010-ին պետությունը հանդես չի գա պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրերով. «Թեպետ շուկայում պարարտանյութերի տարբեր տեսակների գները տատանվում են 6500-ից 10000 դրամի սահմաններում, եւ մենք գիտենք, որ գյուղացին հաճախ չի կարողանում ձեռք բերել իրեն պետք եղած տեսակը, այնուամենայնիվ, ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ պետությունն այս տարի պարարտանյութերի սուբսիդավորման մասով չի կարողանա աջակցություն ցուցաբերել գյուղացուն»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ որպես այլընտրանք շուկայում առաջարկվող վրացական ոչ այնքան որակյալ պարարտանյութերի՝ փորձ է արվելու վերագործարկել Վանաձորի «Քիմպրոմ»-ը, որն էլ տեղական բարձր որակի արտադրանք կթողարկի։



























