Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) շարունակում է բացահայտել անապրանք գործարքներով զբաղվող ընկերություններին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Օպերատիվ հետախուզության և Քննչական վարչությունների հետևողական քայլերի արդյունքում դարձյալ հարուցվել են քրեական գործեր, կան ձերբակալվածներ:
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած և արդեն կալանավորված տնտեսվարողը Արտակ Այվազյանն է. նա ձերբակալվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է հետևյալը. 2009թ.-ի հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ԱՁ Աղավնի Չիլյանի լիազորված անձ Կարեն Այվազյանը, առանց ապրանքների մատակարարման, շուրջ 130մլն դրամի կեղծ հաշիվ-ապրանքագրեր է տրամադրել «ԱԱԱ Թերմոպրոֆ» ընկերությանը: Այս կազմակերպությունն էլ դրանց հիման վրա իր հերթին է կեղծ հաշիվ-ապրանքագրեր տրամադրել «Էրեբունու շինվերանորոգում» ընկերությանը` նույն գումարի չափով: ՕՀՎ հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցների միջոցառումների արդյունքում և քննությամբ պարզ է դարձել ու հիմնավորվել, որ «ԱԱԱ Թերմոպրոֆ» և «Էրեբունու շինվերանորոգում» ընկերությունների իրական ղեկավարը մայրաքաղաքի բնակիչ Արտակ Այվազյանն է, և հենց նրա կազմակերպմամբ է ընկերության, այսպես ասած, ձևական տնօրենը`Ժիրայր Ասատրյանը, հարկային տեսչություն ներկայացրել խեղաթյուրված տվյալներ: Դրա հետևանքով պետությանը պատճառված վնասն առանձնապես խոշոր չափերի է հասնում`շուրջ 22մլն դրամ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել նաև Ժիրայր Ասատրյանի նկատմամբ` նախատեսված հանցանքը կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է «Շոու-ֆանտազիա» ընկերության տնօրեն Էդուարդ Յորդանյանի նկատմամբ: Այս քաղաքացին էլ պատրաստել և իրացրել է բավականին մեծ քանակությամբ կեղծ վճարային փաստաթղթեր: Նախաքննության տվյալներով, խոսքը շուրջ 3.5մլն դրամի կեղծ վճարային փաստաթղթերի մասին է: Բացի այդ, Յորդանյանը նաև օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների մեջ է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցրել` չարամտորեն խուսափելով պետբյուջե վճարել խոշոր չափի` շուրջ 4մլն դրամի հարկեր:
Այսպես. նա «Շոու-ֆանտազիա» ընկերության անվամբ ներմուծված ապրանքները մաքսազերծելու նպատակով, համակարգչով պատրաստել են գույքային իրավունքների մասին վկայող կեղծ վճարային փաստաթղթեր և կեղծ վճարման հանձնարարագրեր, համաձայն որոնց, իբր պետբյուջե է վճարվել 3մլն-ից ավելի մաքսավճար: Բացի այդ, «Շոու-ֆանտազիա» ընկերության բաժնետեր-տնօրեն Էդուարդ Յորդանյանը զբաղվել է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ` մեծածախ առևտրով և ծառայությունների մատուցմամբ: Այնինչ հարկային տեսչություն ներկայացրած իրացման շրջանառության վերաբերյալ ԱԱՀ հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ` նպատակ ունենալով չվճարել 4մլն դրամից ավելի հարկեր: Այս ամենից բացի, Յորդանյանը նաև կեղծ տեղեկանք է պատրաստել այլ քաղաքացու համար, ըստ որի՝ վերջինս իբր աշխատում է «Բիզնես-Ինվեստ» ընկերությունում և ստանում ամսական 96 հազար դրամ աշխատավարձ։ Այս կեղծ փաստաթուղթը ներկայացվել է բանկ` վարկ ստանալու նպատակով:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով Էդուարդ Յորդանյանը ձերբակալվել է:




























