Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանի մասին զեկույց կպատրաստի։ Այս նպատակով ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողները հաջորդ տարեսկզբին կայցելեն Ադրբեջան։

АРА-ն նշում է, որ նրանք հանդիպումներ կունենան պաշտոնատար անձանց, քաղաքական կուսակցությունների եւ  ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Համազեկուցողները Ադրբեջանում մոնիտորինգ կանցկացնեն՝ կապված ԵԽ առաջ երկրի պարտավորությունների հետ։ Մոնիտորինգի արդյունքները կարտացոլվեն զեկույցում, որը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կներկայացվի եվրախորհրդարանականների դատին։

Միաժամանակ, Ադրբեջանում թափ է հավաքում Ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի կալանավորման հետ կապված սկանդալը։ Այս հարցի մասին իրենց տեսակետն արդեն հայտնել են միջազգային կառույցները Կենտրոնը հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների մոնիտորինգ էր անցկացրել եւ օրենքի բազմաթիվ խախտումներ արձանագրել։