Ռուսաստանի Բաշկորտոստանի հանրապետությունում 7-ամյա տղան հրդեհի ճիրաններում հայտնված իրենց բնակարանից դուրս է բերել իր մանկահասակ եղբայրներին ու քրոջը:
Կումերտաու քաղաքի բնակչուհին իր 5 երեխաներին մենակ է թողել տանն ու գնացել խանութ: Ավելի ուշ, նրանցից ամենաավագը՝ 7-ամյա տղան, որոշել է գազօջախի վրա ձվածեղ պատրաստել: Նա վառել է գազօջախը եւ լուցկին թողել պատուհանագոգին: Նրա 2 տարեկան եղբայրն աննկատ վերցրել է լուցկին, տարել մանկական սենյակ, այրել բարձը եւ թաքնվել պահարանում, հաղորդում է ՌԴ ԱԻՆ-ի Բաշկորտոստանի հանրապետական վարչության մամուլի ծառայությունը:
Երեխաները պատրաստվում էին սեղան նստել, երբ հայտնաբերել են երկամյա փոքրիկի բացակայությունը եւ ծխացող բարձը:
«7-ամյա տղան չի կարողացել հանգցնել կրակը, որից հետո նա իր 5-ամյա քրոջը հանձնարարել է վերցնել բոլորին ու գնալ հարեւանի տուն, իսկ ինքը սկսել է որոնել 2 տարեկան եղբորը: Շուտով բոլոր 5-ն էլ իրար են միացել առաջին հարկի հարեւանի տանը»,-պատմել են ԱԻՆ-ի վարչությունում:
Շենքի բնակիչները հրշեջների են կանչել, որոնք ուժեղ ծխի պատճառով շենքի բարձր հարկերից տարհանել են 19 մարդու, յդ թվում 9 երեխաների: Դրանից հետո, հրշեջները մարել են կրակը:





























