Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը Հայաստանում ունեցած բոլոր հանդիպումներում անդրադարձել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ մարտի 1-ի տաս սպանությունների բացահայտման խնդիրներին: Այս մասին նա լրագրողներին հայտնել է FIDH-ի 37-րդ համաժողովի ավարտից հետո: Նրա խոսքով, ինքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ խոսել է նաեւ Միջազգային քրեական դատարանի Հռոմի համաձայնագրին Հայաստանի միանալու մասին, ինչի կապակցությամբ Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀՀ Սահմանադրությունը դեռ պատրաստ չէ, որ Հայաստանը միանա այդ համաձայնագրին:
FIDH-ի նախագահը ՀՀ ղեկավարության հետ իր հանդիպումների ընթացքում անդրադարձել է նաեւ խոսքի ու լրատվամիջոցների ազատության մասին, ընդգծելով, որ դրա կարեւորությունը:
Ի դեպ, երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նշել է, որ իր համար անհասկանալի է, որ FIDH-ի ներկայացուցիչները մասնակցել են ընդդիմության հանրահավաքին եւ հայտարարել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Նրա խոսքով, որոշելու համար, երկրում քաղբանտարկյալներ կան, թե` ոչ, պետք է երկար ժամանակ հետեւել դատական գործընթացներին եւ մանրամասներին ծանոթ լինել:
Այս առնչությամբ Բալասենն ասել է, որ ծայրահեղությունների մեջ չընկնելու համար ինքը հանդիպել է բոլոր կողմերի հետ, լսել բոլորին եւ այդ հարցում իրեն օգնել է FIDH-ի հայաստանյան գործընկեր « Քաղաքացիական հասարակության ինստիտուտը»: Նա հավելել է նաեւ, թե չի ցանկանում, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե ինքը միացել է ՀԱԿ-ին, քանի որ հանրահավաքին մասնակցելը պայմանավորված էր միայն քաղբանտարկյալների ազատ արձակելու պահանջի հետ:



























