Ռուսաստանի Բաշկորտոստանի Հանրապետությունում գիշերային ակումբի այցելուին սպանելու կասկածանքով ձերբակալվել է սպորտային մշակույթի տեխնիկումի 18-ամյա ուսանող Զուրաբ Դավիթաձեն:

Հաղորդվում է, որ Դավիթաձեն ՌԴ հունահռոմեական ըմբշամարտի համաքականի անդամ է եւ այդ մարզաձեւում Բաշկորտոստանի չեմպիոն:

Քննության տվյալներով՝ դեկտեմբերի 1-ին, Ուֆա քաղաքում «Պրավդա» ակումբի մոտ Դավիթաձեն վիճաբանել է 32-ամյա տղամարդու հետ եւ մի քանի անգամ հարավծել նրան, ինչպես նաեւ նրա 25-ամյա ընկերոջը:

32-ամյա տուժածը երկու շաբաթ անց մահացել է վերակենդանացման բաժանմունքում, երկրորդ տուժածը թեթեւ վնասվածքներ է ստացել:

Մահացածը մասնագիտությամբ հոգեբան Ռուստեմ Բագաուտդինովն է, ով մարզիչ էր աշխատում «Բարբարա» ֆիտնես-ակումբում: Այդ օրը նա կնոջ հետ ակումբում նշում էր ամուսնական կյանքի 10-ամյակը: Դավիթաձեին եւ նրա ընկերներին, ինչ-ինչ պատճառներով անվտանգության աշխատակիցները ներս չեն թողել: Երբ Բագաուտդինովը կարճ ժամանակով դուրս է եկել մաքուր օդ շնչելու, նրանց միջեւ վեճ է ծագել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Դավիթաձեի մարզիչ Ալեքսանդր Գրիգորեւի խոսքով, ով չի հավատում իր սանի մեղավորությանը, իր մոտ կա տեսաձայնագրություն, որտեղ երեւում է, որ Բագաուտդինովին միանգամից մի քանի մարդիկ են հարվածել:

«Հետո բոլորը փախել են, իսկ Զուրաբին բռնել են, որովհետեւ նա հայտնի է: Քանի դեռ նրա մեղքը որեւէ կերպ չի ապացուցվել, չի կարելի այդ տղայից հրեշ սարքել»,-ասել է Գրիգորեւն ու հավելել. «Այն, որ նա գիշերվա կեսին բար է գնացել, դա է նրա մեղքը, որի համար մենք ինքներս նրան կպատժենք»: