ԱԻ նախարարի հանձնարարությամբ` շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներից ստեղծվի հանձնաժողով, որը կքննարկի հանրապետության մարզերում 30 նոր հակակարկտային կայանների տեղաբաշխման հարցը: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԻՆ-ում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների եւ կատարված հանձնարարականների մասին` նշելով, որ տարվա ընթացքում ատեստավորվել է 640 փրկարար ծառայող, կազմվել է 2014 թ. աշխատանքային պլանը:
ԱԻՆ մարզային ստորաբաժանումները եւ ԼՂՀ փրկարար ծառայությունն առցանց զեկուցել են տեղերում գրանցված պատահարների, օպերատիվ իրավիճակի մասին:
Համառոտ ամփոփելով 2013 թվականին կատարված աշխատանքները` ԱԻ նախարարն ասել է, որ նախարարությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջեւ դրված խնդիրները, սակայն չի կարելի բավարարվել ձեռք բերածով եւ պետք է շարժվել առաջ:
Խորհրդակցության ընթացքում Ա. Երիցյանը փրկարար ծառայության գնդապետի կոչում է շնորհել ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի տեղակալ Արթուր Մովսիսյանին: ԱԻ նախարարի մեկ այլ հրամանով` երկարամյա անբասիր ծառայության համար Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Գառնիկ Գալստյանը պարգեւատրվեց «Անվեհեր փրկարար» մեդալով:
Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի ամենամյա` թվով 5-րդ մրցանակաբաշխությանը, անցկացված հարցումների արդյունքում, տարվա նախարար է ճանաչվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել հասարակական ակտիվությունն ու արդարությունը, տուրք չտալ բացասականին՝ վեր հանելով միայն դրական ու ողջունելի քայլերը:





























