Մենք պետք է ունենանք ԱԻՆ գիտական կենտրոն եւ առհասարակ` 2014 թվականը հայտարարենք գիտելիքի տարի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նա հանդիպել է դասախոսական կազմի եւ ուսանողների հետ:
Ողջունելով ներկաներին` նախարար Ա. Երիցյանը մասնավորապես ասել է.
«Հարգելի գործընկերներ, ես դրական եմ գնահատում 2013 թվականի ընթացքում ձեր կատարած աշխատանքը: Հատկապես կարեւորում եմ Լուսակերտի ուսումնական կենտրոնի ստեղծումն ու բարեկարգումը` հսկայածավալ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ: Սակայն մենք դեռ շատ անելիքներ ունենք, մեր պրոֆեսորների շարքերը պետք է համալրեն նորերը, պիտի զարգացնենք եւ ավելացնենք ակադեմիայի ֆակուլտետները: Տարին պետք է առատ լինի նոր ձեռքբերումներով ու առաջընթացով»:
Հանդիպման ընթացքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Հ. Մաթեւոսյանը նշել է, որ ակադեմիան շուտով կպատրաստի սեյսմիկ պաշտպանության ոլորտի մասնագետների` կիրառական սեյսմոլոգների: ԱԻ նախարարն ընդգծեց, որ ակադեմիայի լավագույն շրջանավարտներն աշխատանքի կանցնեն նախարարության համակարգում:





























