Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում կան սկզբունքներ, ելույթի կետեր, որոնց հետ համամիտ եմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդի վերջին հայտարարությանը, թե ինչու Հայաստանում «մայդան» չի կայանում:

«Բնականաբար, առաջին նախագահի կարծիքները, անկախ նրանից`նա 60 հազար դիտում ունի, դրանից ինքն ուրախանում է, թե`չէ, 100 հազար, թե 6 հազար, մշտապես, յորաքանչյուր երկրում, ուշադրության արժանի են»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:

Բայց, Տեր-Պետրոսյանի ելույթում կան նաեւ դիտարկումներ, որոնք, ըստ Շարմզանովի, թե քաղաքական, թե պատմական առումով ԱԺ փոխխոսնակի համար, մեղմ ասած, անընդունելի են: «Կարծես թե Տեր-Պետրոսյանն իր ֆիասկոն քողարկելու, իր սեփական դեմքը փրկելու համար,  դիմում է 2008 թվականի նախընտրական բառապաշարի, որը պատիվ չի բերում որեւէ քաղաքական գործչի: Եվ եթե նա, իր ձեւակերպումներով ասեմ, խոսում է խղճուկ, ողորմելի բառապաշարով, դա քաղաքական լեքսիկոն չէ»,- ասել է Էդուարդ Շարմազանովը եւ մի քանի դիտարկում ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Խղճուկ եւ ողորմելի կարգավիճակում հայտնվում են նրանք, ովքեր, որ շատ են ցանկանում մասնակցել նախագահական ընտրությւոններին,բայց գիտակցելով, որ յոթից-տասը տոկոսից ավել չեն հավաքելու, վախենում եւ չեն մասնակցում: Խղճուկ եւ ողորմելի վիճակում կարող են հայտնվել նրանք, ովքեր նույնիսկ քաջություն չեն ունենում պաշտպանել սեփական խմբակցության ներկայացուցչին: Խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է: Խղճուկ եւ ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր որ ընտրություններին լոկ դիտորդի կարգավիճակ են ստանձնում, այլ ոչ թե քաջություն են ունենում մասնակցել եւ իրականացնել քաղաքական պրոցեսներ: Խղճուկ եւ ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր ի վերջո, ուրածանում են «յութուբում» վաթսուն հազար դիտումից: Կարգին Հայկոյի դիտումները, կարում եմ, շատ ավելի շատ են: Կարծում եմ, առաջին նախագահն իր բառապաշարը պետք է փոխի»:

Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում, որ իր երկրի առաջին նախագահը, ով մասնագիտությամբ պատմաբան է, կեղծի պատմական փաստերը: Շարմազանովը`հակադարձելով Լեւոն Տեր-Պետրոսյանի պատմական կտրվածքով դիտարկումներին`1920-ականների իրադարձություններին, ասաց. «Կարծում եմ, առաջին նախագահը եւ պատմաբանը պետք է շատ լավ տարբերակի հակառուսականությունն ու հակաբոլշեւիզմը: Դրանք տարբեր բաներ են: Եթե տեղյակ չի ասեմ`առաջին հանրապետությունը կործանվել է թուրք-բոլշեւիկյան դաշինքի հետեւանքով»: Նա մանրամասնորեն հիշեցրել է այդ թվականի իրադարձությունների մասին`հավելելով, որ այդ նույն բոլշեւիկյան պրոպագանդայի արդյունքում է, որ քարոզ էր կատարվում այն մասին, որ թուրքն այլեւս նախկին թուրքը չէ ու նրա հետ կռվել պետք չէ, թուրքն այլեւս մեր բարեկամն է, ինչի արդյունքում էլ հանձնվեց Կարսի ամրոցը:

Aravot.am-ի հաջորդ դիտարկմանը`Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում իշխանահաճո դիրքորոշումներ է արտահայտում, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ո՞րն է իշխանահաճո: Ողորմելին եւ խղճուկն իշխանահաճո՞ է: Միգուցե այլ երկրների իշխանություններին հաճելի՞ է, չգիտեմ, ինքն ի՞նչ խնդիր ունի լուծելու: Մենք քննադատությունն ընդունում ենք. Բայց երբ մարդը սեփական դեմքը փրկելու համար սեփական քաղաքական ուժը փրկելու համար դիմում է նման բառապաշարի… միգուցէ նրանից է, որ վերջին մոհիկանը`ՀԱԿ-ի շարժիչ ուժը հանդիսացող Նիկոլ Փաշինյանն էլ լքեց եւ դա նրանց նյարդայնացնում է, ես չեմ կարող ասել»:

Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ում կայացած նիստում ներկայացրել էր պատճառները, որոնց պատճառով Հայաստանում ուկրաինական սցենար տեղի չի ունենում: