Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին հարկային արտոնություն տրամադրելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել: Վերոնշյալ օրենքի նախագիծն ընդունվեց 71 կողմ ձայներով (դեմ եւ ձեռնպահ չի գրանցվել)։
Մինչ քննարկման մեկնարկը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հաշվիչ հանձնաժողովը ներկայացրել է մի տեղեկանք, որ նախորդ քվեարկության ժամանակ եղել է սխալմունք, որի արդյունքում՝ 77 ձայն կողմ է գրանցվել, մինչդեռ փաստացի եղել է 72 կողմ ձայն:
Սխալմունքը տեղի է ունեցել, երբ խորհրդարանը վավերացրել է 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին», 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀՀ բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրերը:
Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկություններին՝ բացառությամբ ՀՀ Նախագահի առարկությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010 թ. ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ՀՀ Նախագահի առարկությամբ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի:
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել էին իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «ՀայՌուսգազարդւմ» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։





























