Քրեական օրենսգրքի նոր նախագծի հեղինակները փորձել են հնարավորինս լավ օրենք ներկայացնել, սակայն ոլորտի փորձագետները եւ փաստաբանները թեմայի առնչությամբ ունեն որոշակի անհանգստություններ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի որոշ հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նշենք, որ քննարկումը կազմակերպել են Հայաստանի փաստաբանների պալատը եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչությունը (ABA CEELI, INC.):

Փաստաբանների պալատի նախագահի հիմնական անհանգստությունը կապված է մասնավորապես մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտի ներդրման հետ: «Ընդհանրապես  մեր փորձագետները գտնում են, որ այս ինստիտուտի ներդրումը հայեցակարգից որոշակի իմաստով շեղում ունի, քանի որ կա կառավարության կողմից ընդունված հայեցակարգ, որը չի նախատեսել մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման հնարավորությունը եւ որպես ցուցմունքի դեպոնացում նախատեսել է, որ, եթե անձը հնարավորություն չունի այդ պահին գտնվել Հայաստանի Հանրապետությունում պետք է ցուցմունքը դեպոնացնել»,-ասել է նա եւ հավելել, որ ցուցմունքի դեպոնացումը ապացույցի ապահովման միջոցներից է:

Արա Զոհրաբյանի կարծիքով՝ Հայաստանում նախաքննություն իրականացնող մարմինը, «որպես «ապացույցների թագուհի» օգտագործում է ինքնախոստովանական ցուցմունքը: Մենք՝ փաստաբաներս, ընդդիմանում ենք այդ մոտեցմանը, որովհետեւ քաղաքացին վախի ազդեցության տակ ոչ միայն կարող է սուտ ցուցմունք տալ, այլ նաեւ հարազատի մեղադրանքը դիտավորյալ կերպով ծածկել»:

Քննարկման ընթացքում փորձագետ-փաստաբաններ Մելանյա Առուստամյանը, Ինեսսա Պետրոսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը եւ ոլորտի փորձագետ Արթուր Ղամբարյանը ներկայացրել են փորձագիտական կարծիքներ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ:

Փաստաբանների պալատաի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանը՝ խոսելով օրենքի նախագծի մասին, մասնավորապես նշել է, որ այն չի ապահովում մարդու, նրա իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանությունը, չի սահմանափակում պետական մարմինների՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի նկատմամբ ոտնձգությունները, եւ չի ամրագրում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված  մարդու հիմնարար իրավունքները եւ ազատությունները:

Քննարկման ավարտին մասնակիցները որոշել են հավաքագրել բոլոր առաջարկությունները եւ Փաստաբանների պալատի խորհրդի նիստին ներկայացնել, որից հետո ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը կհայտնի միասնական դիրքորոշում: