Պետք է դատի տալ ռուսական կողմի հետ գազի վերաբերյալ բանակցություններ վարած նախարարությանը. սա քրեական հանցագործություն է, եթե երեք տարում այդքան պարտք է կուտակվել: Այս մասին դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Թեեւ ես կողմ եմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, , այնուամենայնիվ, հայ-ռուսական համաձայնագրերը լուրջ խնդիր են», - հավելել է Սարգսյանը:

Անդրադառնալով  անցնող տարվա քաղաքական արդյունքներին՝ նա ընդգծել է, որ տեղի ունեցած քաղաքական գործընթացների գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել՝ ինչ քաղաքականություն էր տարվում նախկինում. բոլոր ռեժիմներն աշխատում էին այն ուղղությամբ, որպեսզի երկիրը հայտնվի ամենաթույլ եւ անօգնական վիճակում: Արամ Սարգսյանի խոսքով՝ մենք մեր ներքին խնդիրները թողել եւ խոսում ենք արտաքին խաղացողների քայլերի մասին: «Իշխանությունում մեզ լուրջ, պատրաստված մարդիկ են պետք, այլապես 2014թ. արտագաղթի մակարդակը կաճի», - հավելել է նա:

Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ի Հայաստան այցի ընթացքում երկու երկրների կառավարությունների միջեւ գազամատակարարման վերաբերյալ  մի շարք համաձայնագրեր էին  ստորագրվել: Դրանք ենթադրում են կուտակված պարտքի կեսը մարելու համար «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասի փոխանցում «Գազպրոմ»-ին, ինչպես նաեւ Հայաստանին ներռուսական գներով գազի մատակարարում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am