Հայաստանի ինքնիշխանության, ազգային անվտանգության եւ պետականության հիմնարար շահերի դեմ հանցավոր հետեւողականությամբ գործող ներկայիս անօրեն վարչախումբը Սահմանադրական իրավունքի ողջ տարողությամբ չունի եւ երբեւէ չի ունեցել հայ ժողովրդի եւ Հայոց պետության անունից հանդես գալու որեւէ իրավունք: Այդ մասին ասվում է«Հայազն» կուսակցության վարչության տարածած հայտարարության մեջ:

«Շարունակելով ազգային շահն ու ինքնիշխանությունը հանուն անձնական ու խմբակային հանցանպատակների դավելու ընթացքը, իշխանությունը յուրացրած վարչախումբը խորհրդարանական հաստատման է ներկայացրել դեկտեմբերի 2-ին կնքված ծայրաստիճան ստորացուցիչ եւ հեռահար սպառնալիքներով հարուստ «գազային համաձայնագիրը»:

Իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների մեծամասնությունը դարձյալ նախընտրել է մնալ քաղաքական «կոռեկտության» սահմաններում: Իրավիճակը մասամբ փրկել է Զարուհի Փոստանջյանի քայլը, որի շնորհիվ չորս խմբակցություններն այս պահին ձգտում են «շատ սկզբունքային» երեւալ՝ բավարարվելով սոսկ ոչ էլեկտրոնային քվեարկության օրինականության վիճարկմամբ:

Ընդդիմության ընդհանուր գաղափարական, կազմակերպչական եւ մարդկային որակները վաղուց ի վեր Հայաստանում հակապետական վարչախմբի իշխանազրկման ճանապարհին ծառացած գլխավոր խոչընդոտ են: Ուստի, ընդդիմությունափոխությունն այլեւս անայլընտրանք նախապայման է՝ Հայաստանում ազգային հեղափոխությունն ու համակարգային իշխանափոխությունն իրականացնելու համար:

Միաժամանակ, հակապետական վարչախմբի ստորագրած եւ խորհրդարանական խամաճիկ մեծամասնության «վավերացրած» Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող կամ նվազեցնող որեւէ պայմանագիր, համաձայնագիր կամ արձանագրություն ի սկզբանե զուրկ է որեւէ օրինավորությունից, առ չեղյալ է եւ Հայոց պետության համար որեւիցե իրավական պարտավորություն չի առաջացնում:

Ընդ որում՝ Հայոց պետության ինքնիշխանության դեմ քստմնելի ոտնձգություն կատարած յուրաքանչյուր պետական պաշտոնյա եւ պատգամավոր, երկրում ազգային-պետական իշխանության հաստատումից հետո, անսասան հետեւողականությամբ ենթարկվելու է անհատական խստագույն եւ անխուսափելի քրեաիրավական պատասխանատվության»,- ասվում է հայտարարության մեջ: