Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, թե դեկտեմբերի 17-ի «մեծ կաշառք» գործի շրջանակներում ձերբակալված իր որդին աշխարհի ամենամաքուր տղաներից մեկն է։

Թուրքական Posta-ի հետ հարցազրույցում Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը նշել է, թե իր որդու տնից հայտնաբերած մեծ քանակի փողերը պարզապես տղայի առանձնատան վաճառքից ստացված գումարն է եղել։  «Իմ տղան աշխարհի ամենամաքուր տղաներից մեկն է։ Նրա տանը հայտնաբերված փողերը եղել են Բահչելիեւլերի թաղամասում գտնվող նրա առանձնատան վաճառքից ստացված գումարը։ Բոլոր փաստաթղթերը գտնվում են դատարանում»,-ասել է ՆԳ նախարարը։

Նշենք, որ  Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության  նախարարների որդիները։