ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հակամարտության կարգավորման ներկա ընթացքը նորմալ է գնահատում, որպես այդ գործընթացի փուլերից մեկը, որպես զուտ աշխատանքային: Այս մասին նա լրագրողներին ասել է Տավուշի մարզում:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, եւ հիմա էլ ես ասում եմ, որ խնդրի լուծման բանալին միայն մեր ձեռքում չէ: Սա հակամարտություն է: Այսինքն, այստեղ կա պայքար, բանակցություններ, եւ խնդրի լուծումը կախված է բոլոր կողմերից` Հայաստանից, Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղից, նաեւ` Մինսկի խմբից: Եթե լուծվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման խնդիրը, մնացած հարցերը կարող են լուծվել շատ արագ: Խորհուրդ եմ տալիս ե՛ւ ձեզ, ե՛ւ մեր հասարակությանը` չտարվել, ներեցեք այսպես ձեւակերպելուս համար, այն մարդկանց հեքիաթներով, ովքեր ասում են, թե մենք գտնվում ենք վատ վիճակում, թե բանակցություններն այս փուլում վատ են ընթանում, թե բանակցողները վատ են բանակցում, թե մեր փաստարկները ճիշտ չեն ներկայացվում: Եւ զավեշտականն այն է, որ այդ մասին խոսում են մարդիկ, ովքեր բանակցային գործընթացի այս երկար փուլում եղել են պատասխանատուներ եւ կարեւոր պատասխանատուներ: Ճակատագիրը նրանց հնարավորություն էր տվել շատ արագ եւ հայանպաստ լուծում գտնել, բայց ինչպես տեսնում եք, պայքարը դեռ շարունակվում է»,- նշել է Սերժ Սարգսյանը:
«Այսպիսի դեպքերում մի քանի տեսանկյունից սխալ է խոսել մանրամասների մասին: Միայն մի բան կարող եմ ասել, որ դատավորը պատմությունն է: Եթե տարիներ անց մենք անդրադառնանք այս թեմային, այն ժամանակ կարող ենք գնահատել եւ ասել` այս բանակցողը լավ էր բանակցում, այն մյուսը` վատ, ինչի պատճառով էլ այս ու այս խնդիրներն ունեցանք: Սակայն, 2010թ. հեռավորությունից կարող ենք ասել, թե 10-13 տարի առաջ ինչպիսի լուծում էր մեզ առաջադրվում, եւ փառք Աստծո, որ մենք այդպիսի լուծմանը չհամաձայնեցինք: Իսկ եթե այդպիսի լուծմանը չենք համաձայնել, ապա ակնհայտ է, որ այսուհետ դրանից վատ կամ այդպիսի լուծում չենք կարող առաջարկել մեր ժողովրդին: Այնպես որ, այդ խոսակցություններին հանդարտ վերաբերվեք, ինչպես որ ես եմ անում»,- ասել է նա:




























