Հայաստանը խայտառակ եղավ սեպտեմբերի 3-ին իր կտրուկ քաղաքական շրջադարձից: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ խոսելով 2013-ի արտաքին քաղաքական ձախողումներից եւ ավելացրեց, որ դրանից բոլորը շոկի մեջ էին հայտնվել:
«Դրա արդյունքն էր հաջորդը` Ռուսաստանի հետ հարաբերությունները, որը նվաստացրեց Հայաստանին, հայ ժողովրդին: Դա բերեց նրան, որ արդյունքում Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններն այդքան վատ չեն եղել, ինչպես հիմա է: Սա Հայաստանի թույլիկության արդյունքն էր: Սա Սերժ Սարգսյանի թույլիկության արդյունքն է: Սերժ Սարգսյանին ոչ Ռուսաստանում են վստահում, ոչ Արեւմուտքում, քանի որ նա անկախատեսելի է եւ չեն վստահում»,- ասաց Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով դիվանագիտության ոլորտում, իր խոսքով, երրորդ «քյալլագյոզությունից», Մանուկյանը նշեց Իրանի հետ հարաբերությունների խզումը՝ գազային սկանդալից հետո: «Իրանը մեր վստահելի գործընկերներից էր եւ նրա հետ այդպես վարվել չէր կարելի»,- ասաց Արամ Մանուկյանը:





























