Թուրքիայում «մեծ կաշառք» գործողություններից օրեր անց՝ դեկտեմբերի 25-ի առավոտյան, ՆԳ եւ Էկոնոմիկայի նախարարները հայտարարել են իրենց հրաժարականի մասին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, թե հրաժարական է տալիս՝ կեղտոտ խաղերի դեմն առնելու եւ հասարակության համար իրական փաստերի ներկայացումն ապահովելու համար։
ՆԳ նախարար Մուամեր Գյուլերն իր հերթին նշել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ Թուրքիայի դեմ կազմակերպվել է կեղտոտ խաղ։ «Հրաժարվում եմ պաշտոնիցս՝ անաչառ քննություն ապահովելու համար, որպեսզի հայտնի դառնա իրականությունը եւ թույլ չտամ շարունակեն կեղտոտ խաղը, որի մեջ նաեւ որդուս են ընդգրկել»,-ասել է Մուամեր Գյուլերը։
Նշենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։




























