Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործը ընդհանուր իրավասության դատարանում է:

2013 թ. դեկտեմբերի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ՀՀ Երեւան եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել դիմում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Մ. Բաբայանի 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Yerkir.am» լրատվական կայքի հետ զրույցի ժամանակ բռնության սպառնալիքներ էր հնչեցրել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ նրա հարազատների հասցեին:

Նույն թվականի հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որում մասնավորապես նշվում էր, որ Խ. Ասրյանը 2013 թ. հոկտեմբերի 10-ին սպառնալիքներ է հնչեցրել Զ. Փոստանջյանի հասցեին, որը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով առաջացնում է պատասխանատվություն: Հոկտեմբերի 31-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Մ. Բաբայանը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Նույն թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացվել դիմում-բողոք խնդրանքով վերացնել Մ. Բաբայանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, սակայն նոյեմբերի 20-ին գլխավոր դատախազը նույնպես բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել:

Հետաքննության մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու համար: Քրեական գործի հարուցումը մերժվել է, ներկայացվել է հետեւյալ պատճառաբանությունը` «հանցակազմի մյուս պարտադիր հատկանիշը սպառնալիքի իրական լինելն է: Այն իրական է համարվում, երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում անհանգստանալու, վախենալու դրա իրականացումից: Սպառնալիքի իրական լինելը որոշվում է ինչպես օբյեկտիվ իրադրության գնահատմամբ այնպես էլ տուժողի սուբյեկտիվ ընկալումը հաշվի առնելով»:

Գործի ամբողջական դատական նախապատմությունը ներկայացնելով՝ դիմումատուն խնդրել է վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ գործն ուղարկել նախաքննության:

Դիմումն ամբողջությամ կարող եք տեսնել այստեղ: