ՍԴՀԿ ներկայացուցիչներն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հանդիպել են Հայաստանի Կոմկուսի ներկայացուցիչների հետ եւ քննարկել ձախ ուժերի միություն ստեղծելու պլատֆորմի բովանդակությունը:

ՍԴՀԿ Մամլո դիվանից հայտնում են, որ ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ Գագիկ Մելիքյանը, քաղաքական դիվանի պատասխանատու Դմիտրի Մարտիրոսյանը, եւ գաղափարաքարոզչական դիվանի պատասխանատու Մանուկ Ստեփանյանը ՀԿԿ գրասենյակում հանդիպել են ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի, ԿԿ քարտուղար Երջանիկ Ղազարյանի, ԿԿ կազմբաժնի վարիչ Բորիս Գյուրջյանի եւ ԿԿ գործերի կառավարիչ Արմեն Եղիազարյանի հետ:

Ձախ ուժերի միություն ստեղծելու պլատֆորմի բովանդակությունը նախնական հավանության է արժանացել Կոմունիստական կուսակցության ղեկավարության կողմից: Քննարկվել են հանուն  սոցիալական արդարության, օլիգարխիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի հարցերում երկու կուսակցությունների համագործակցության հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2014 թ-ին շարունակել ձեւաչափի վերաբերյալ քննարկումներն ու խորհրդակցությունները:

Հիշեցնենք, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նախաձեռնել է ձախ ուժերի միություն ստեղծելու առաքելությունը, որին արդեն իսկ միացել են որոշ  քաղաքական  եւ հասարակական կազմակերպություններ ու բազմաթիվ անհատներ: