2014թ օրակարգում պետք է դրվի մի հարց՝ կանգնեցնել Մաքսային միության եւ այլ նման կայսերապաշտական կառույցներին ՀՀ անդամակցությունը, պաշտպանել մեր պետականությունը եւ ինքնիշխանությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
Խոսելով հաջորդ տարվա ակնկալիքների մասին՝ նա նշեց, որ հաղթահարվելու է խոր բարոյահոգեբանական ճգնաժամը, որ կա մեր հասարակյության մեջ։ Դավիթ Շահնազարյանը շեշտեց, որ մենք ունենք քաղաքացիական հասարակություն, ունենք երիտասարդություն, քաղաքական դաշտում կան որոշ ուժեր, որոնց համար մեր ինքնիշխանությունը եւ պետականությունը բացարձակ արժեքներ են եւ նրանք չեն ընդունում այն ամենը, ինչ հիմա կատարվում է։ Նա շատ բարձր գնահատեց ԱԺ-ում բողոքի ակցիա անցկացրեց լրագրողներին՝ համարելով, որ նրանք դրսեւորել են բարձր քաղաքացիական պահվածք։
Դավիթ Շահնազարյանի փոխանցմամբ՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան եւ չեն էլ կարող լինել, «Հայաստանում կան հակակայսերական տրամադրություններ,դա նույնն է, ինչ-որ պաշտպանենք մեր պետությունը, սահմանադրությունը եւ ինքնիշխանությունը,դրանք քաղաքական հոմանիշներ են»։
Նա նշեց, որ այսօրվա քաղաքական համակարգն ընդունում է այն ամենը, ինչ անում է Ռուսաստանը, օրինակ՝ ռուսական կայսրությունը զինում է մի երկրի, որի նպատակն է պատերազմ սկսել Հայաստանի դեմ եւ շարունակել այդ գործընթացը, ամեն առիթով եւ առանց առիթի վիրավորել մեր ազգային արժանապատվությունը, ներկայացնել նման փաստաթղթեր, որոնք անմեղսունակության կանխավարկածի ոլորտից են, նպաստել Հայաստանից արտագաղթին: «Եվ այս ամենը լռելյայն ընդունում են խորհրդարանի պատգամավորները` բացառությամբ մի քանիսի: Այսօրվա քաղաքական համակարգը ոչ միայն ի վիճակի չէ պաշտպանել մեր պետականությունը եւ ինքնիշխանությունը, այլեւ մեր արժանապատվությունը, իսկ առանց դրա ապագա չենք կարող ունենալ։ Դա է պատճառը, որ ի վիճակի չլինելով այս ամենը պաշտպանել, նրանք կողմ են, որ Հայաստանի ժողովուրդը կատարի փախուստ ազատությունից դեպի ստրկություն, այս համակարգն է մեծագույն սպառնալիքը մեր պետությանը եւ պետականությանը։ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ երկրում ծավալվելու են կայսերապաշտապան քաղաքականության դեմ գործընթացներ, դրանք կարող են բավական լուրջ գործոն դառնալ այդ իսկ պատճառով շտապում է հնարավորինս օգտագործել ժամանակը գործընթացը ավարտելու համար»,-ասաց նա։





























