Հայաստանի կառավարությունը հավանություն չի տվել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագծին, որը վերաբերում էր արտասահմանյան վարկերով տեղական բանկերի տոկոսային «շրջապտույտը» արգելելուն:
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծում Բագրատյանն առաջարկում էր արգելել վերավարկավորումը: Այդ պարագայում ԿԲ-ն ամբողջությամբ կպահուստավորեր եւ հիմնական գումարը եւ նման վարկերի տոկոսները:
Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կարգավորման նպատակը միեւնույն վարկառուին կրկնակի վարկավորման արատավոր գործելաոճը կանխարգելելն է, երբ հերթական վարկերը տրվում են նախորդները մարելու համար (նպատակը պանկերի վարկային պորտֆելները ուռճացնելն է):
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ներկայացնելով կառավարության եզրակացությունը, նշել է, որ օրինագծում սահմանված չէ «վերավարկավորում» հասկացությունը, հետեւաբար անհասկանալի է՝ որ գործարքներն է առաջարկվում արգելել: Նախարարի խոսքով՝ կառավարությունը խոստովանում է, այդպիսի չարաշահումները բացառված չեն, սակայն առաջարկվող միջոցառումները խնդիրը լուծելու հարմար տարբերակ չեն:





























