Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր որդուն թիրախավորելով՝ փորձում են իրեն հարվածել։
Թուրքական Yeni Safak պարբերականի լրագրողի հետ զրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով դեկտեմբերի 17-ին սկսած «մեծ կաշառք» գործողություններին, ասել է, թե օպերացիաների գլխավոր նպատակն ինքն է։
Իմ որդուն՝ Բիլալին են թիրախ դարձել, սակայն ուզում են ինձ հարվածել։ Այդ օպերացիաների գլխավոր նպատակը ես եմ»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ վերջին շրջանում խիստ լարվել էին Էրդողան-Ֆեթհուլլահ Գյուլեն հարաբերությունները։ Այդ լարվածության գագաթնակետը եղավ դեկտեմբերի 17-ի «մեծ կաշառք» գործողությունները, որի ժամանակ ձերբակալվեցին 3 նախարարի որդիներ, խոշոր գործարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ավելի ուշ հրաժարական են տվել 3 նախարար, որից հետո հայտնի է դարձել, որ կառավարության կազմում 10 նախարար է փոխվելու։





























