Կառավարության նիստում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանի համար մշակված նոր «Մաստեր Պլանը», որի շրջանակներում 102 մլն դոլարի ներդրում կկատարվի օդանավակայանի պայմանների բարելավման եւ նոր շենքի համար: Այդ մասին կառավարության նիստում նշեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ներդրումները մի կողմից հնարավորություն կտան բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, զարգացնել զբոսաշրջությունը եւ պահպանել, որպեսզի օդանավակայանը լինի լավագույնը:

«Սա մեզ համար գերակա խնդիր է, եւ մենք չենք կարող թերագնահատել օդանավակայանի կարեւորությունը»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի շուրջ ծավալված խնդրին՝ վարչապետը նշեց. «Խոսքը կլոր մասնաշենքի քանդման վերաբերյալ ներկայացված առաջարկի մասին է: Հասկանալի է, որ այն նախատեսում է 15-20 մլն դոլարի ներդրում, ինչը բավականին շատ է: Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետներն առաջարկում են նոր լուծումներ։ Ներկայացվել է հետաքրքիր առաջարկ, մասնավորապես, օդանավակայանի տարածքում մի այգի կառուցել, որտեղ հնարավոր կլինի տեղափոխել ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները»:

Տ. Սարգսյանը նշեց, որ նման բան կա Բրյուսելում. «Միգուցե մենք մեր ճարտարապետների հետ կարող ենք գտնել այնպիսի լուծումներ, որ կարողանանք պահպանել ճարտարապետական ժառանգությունը»:

Ըստ վարչապետի, որ այդ շենքը ճարտարապետական օրիգինալ կառույց է, որը մեր հուշարձանների շարքում ներառված չէ, բայց ճարտարապետները դա համարում են արժեքավոր ժառանգություն»:

Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի խոսքով՝ հիմնական ներդրումները կուղղվեն նստեցման հատվածի ընդլայնմանը. նստեցման ելքերի քանակը կավելանա եւս չորսով: Ընդհանուր առմամբ, օդանավակայանը կունենա 10 նստեցման ելք, կառամատույցի ամբողջ մակերեսը 50 քմ-ով կավելանա, որոնց համար ընդհանուր ծախսերը կկազմեն 40 մլն դոլար:

Բացի այդ, պետական մարմինների համար է նոր շենք նախատեսված, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտու ստեղծման խնդիրն է դրված։