Բաքվում դեկտեմբերի 26-ին արցախյան պատերազմի տասնյակ վետերաններ եւ հաշմանդամներ բողոքի ինքնաբուխ ցույց են անցկացնում №5 հիվանդանոցի առաջ:

Haqqin.az-ը հայտնում է, որ բոլորն իրենց զորակցությունն են հայտնում պատերազմի հաշմանդամ Զաուր Հասանովին, որը Բաքվի կենտրոնում ինքնահրկիզում էր իրականացրել, երբ Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիայի առաջնորդ, Միլի Մեջլիսի պատգամավոր Սատար Մեհբալիեւը խլել էր նրա ունեցվածքը:  

Շաբաթ օրը Բաքվի կենտրոնում բողոքի ցույց է տեղի ունենալու՝ Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիայի առաջնորդ, Միլի Մեջլիսի պատգամավոր Սաթար Մեհբալիեւի հրաժարականի պահանջով: Ցույցի հայտարարությունը տեղադրված է ֆեյսբուք սոցցանցում:

Նշենք, որ Սաթար Մեհբալիեւը նախագահի աշխատակազմի հասարակաքաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովի խնամին է:

Մինչդեռ, ոստիկանությունը հայտարարել է, որ թույլ չի տա Բաքվի Շատրվանների հրապարակում  չարտոնված ցույց անցկացնել: Բաքվի ոստիկանության ԳՎ-ի պետի տեղակալ, գեներալ-մայոր Սահլաբ Բագիրովը հայտարարել է, որ  Բաքվում չարտոնված ցույցեր անցկացնելն անթույլատրելի է:

Տվյալ հարցով որոշել է արտահայտվել նաեւ Սաթար Մեհբալիեւը: Պաշտոնյան պատերազմի հաշմանդամ Զաուր Հասանովին հրապարակավ շանտաժիստ է անվանել: 

«Նա 40 քմ մակերեսով հողատարածք ուներ: Այդ տարածքը նա ապօրինի էր զբաղեցրել, եւ այդ պատճառով էլ Գերագույն դատարանը վճռել է այդ տարածքը խլել նրանից: Զաուր Հասանովը քանիցս ինձ մոտ է գալիս՝ դատարանի վճիռը զրոյացնելու խնդրանքով, սակայն  չի հասկանում, որ դա իմ իրավասության տակ չէ: Դրա փոխարեն ես նրան աշխատանք առաջարկեցի առողջարանում, սակայն նա հրաժարվեց», - ասել է Մեհբալիեւը:

Հիշեցնենք, որ երկրորդ խմբի հաշմանդամ, արցախյան պատերազմի հաշմանդամ Զաուր Հասանովի վիճակը ծայրահեղ է: Նրա հայրը՝ Հասան Հասանովը, հայտարարել է, որ Բիբի Էյբաթ ավանում իր որդու հողատարածքը եւ շինությունը  խլել է Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիայի առաջնորդ, Միլի Մեջլիսի պատգամավոր Սաթար Մեհբալիեւը՝  փոխարենը խոստանալով մեկ այլ շինություն: Սակայն Մեհբալիեւն իր խոստումը չի կատարել: