Ապրիլի 5-ին, ժամը 21-ի սահմաններում, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ «Հրապարակ» թերթի լրագրող Գայանե Բաբայանին վրաերթի ենթարկած «Հոնդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Եղիազարյանը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Փաստի առթիվ ապրիլի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն:
Ապրիլի 9-ին ստացվել է փորձագետի Եզրակացությունը, որով հիմնավորվել է վարորդ Վահան Եղիազարյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համապատասխան կետերի խախտման հետևանքով վրաերթ կատարելու հանգամանքը։ Նույն օրը Վահան Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքում Վահան Եղիազարյանն իրեն մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:
Միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Վահան Եդիազարյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու մասին և նույն օրը դատարանը բավարարել է միջնորդությունն ու Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն օրը մեղադրյալը տեղափոխվել և գտնվում է ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում:



























