«Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը մտադիր չէ լքել իր պաշտոնը եւ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել։ Այս մասին գործարարը հայտարարել է ապրիլի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ այս կերպ հերքելով ռուսական ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, թե ինքը մտադիր է վաճառել «Տրոյկա դիալոգը» եւ զբաղվել բարեգործական կամ քաղաքական գործունեությամբ։
Վարդանյանն այս լուրերը լրագրողների կողմից հորինած է համարել՝ ավելացնելով, որ չի ցանկանում անգամ մեկնաբանել դրանք. «Դա լիովին լրագրողի երեւակայության արդյունք է, փորձ՝ մտածել մի բան, որը չկա»։
Հիշեցնենք, որ վերջերս Daily թերթը գրել էր, թե հարավաֆրիկյան Standard Bank-ը կարող է դառնալ «Տրոյկա դիալոգի» սեփականատերը, իսկ Վարդանյանը, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 70 տոկոսը, կլքի իր պաշտոնը եւ հարազատ Հայաստանում կզբաղվի բարեգործական կամ քաղաքական գործունեությամբ։



























