Հայաստանի Հանրային խորհուրդն ամփոփել է 2013-ը, նշելով, որ այն հասարակական, քաղաքացիական կյանքում բուռն էր:

Մասնավորապես, Հանրային խորհրդի տարածած հայտարարությունում ասվում է.

«Հանրությունը շատ հարցերի շուրջ ինքնակազմակերպվեց եւ հանդես եկավ միասնական դիրքերից` պաշտպանելով սեփական շահերը: Հանրային խորհուրդը, որը ստանձնել է իշխանության եւ հասարակության միջեւ յուրօրինակ կամրջի դեր, բարձրացված բոլոր հարցերին արձագանքեց` ՀՀ նախագահին ու կառավարությանը ներկայացնելով հանրության մտահոգությունները, ինչպես նաեւ իր դիրքորոշումն ու առաջարկները:

Տարվա առաջին ամենակարեւոր քննարկումը Հանրային խորհրդում ՄԱԿ-ի գրասենյակները Եվրոպայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցն էր, որը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար եւ լուրջ խոչընդոտներ կարող է առաջացնել: Հանրային խորհուրդը հարցը քննարկեց նաեւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ, որի ընթացքում ուրվագծվեցին մի շարք քայլեր ու գործողություններ, որոնք անհրաժեշտ է իրականացնել` միջազգային հարթակում պաշտպանելու Հայաստանի շահերը եւ կանխելու նման կարեւոր կառույցները Թուրքիա տեղափոխելու մտադրությունը:

Այնուհետեւ ՀԽ օրակարգի առանցքում հայտնվեցին Հայաստանի քաղավիացիայի խնդիրները: Մինչ Հանրային խորհուրդը քննարկումներ կիրականացներ եւ հանդես կգար առաջարկներով, թե ինչպես կարելի է փրկել քաղաքացիական ավիացիան եւ ազգային ավիափոխադրողին, հայտնի դարձավ «Արմավիա» ավիաընկերության սնանկացման լուրը: Խորհրդում տեղի ունեցան մի շարք քննարկումներ` շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ: Չընդդիմանալով օդի ազատականացման գաղափարին` միաժամանակ Հանրային խորհուրդն անհրաժեշտ համարեց տեղական ավիափոխադրողներ ունենալը, որը չավարտված պատերազմ ունեցող երկրի համար ռազմավարական նշանակություն ունի:

Կարեւորվեց նաեւ այդ ավիափոխադրողների միջեւ մրցակցային պայմանների ապահովումը: Խորհուրդը գտավ, որ հարկավոր է կիրառել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը եւ մշակել ու վավերացնել Օդային օրենսգիրք:

Հուլիսին Հանրային խորհուրդը հանդիպեց Հանրապետության նախագահի հետ` ներկայացնելով մի շարք մտահոգիչ հարցեր, որոնցից էին, օրինակ, հայ-ռուսական հարաբերությունները` Ռուսաստանին զենք վաճառելու համատեքստում, արտագաղթի խնդիրը, Երեւան քաղաքի պատմամշակութային շինությունների եւ ժառանգության պահպանումը` Ծածկած շուկայի եւ Հանրապետության հրապարակի վերակառուցման հիմնախնդիրների ֆոնին եւ այլն»: