2014թ.-ը եվրասիական անվտանգության քննարկումների ընթացքում դիտարկվում է շրջադարձային՝ տարածաշրջանում իրադարձությունների զարգացման տեսակետից: Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Ջոշուա Կուչերան «EurasiaNet» կայքի իր կանխատեսման մեջ: «Աֆղանստանից ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումից հետո Կենտրոնական Ասիայում, ինչ-որ չափով նաեւ Կովկասում ապագան անորոշության մեջ է մնում»,- նշել է նա:
Լեռնային Ղարաբաղի հարցում հեղինակը նշել է, որ զարգացումը դժվար չէ կանխատեսել: «2013թ.-ի վերջում դրական իրադարձություններ տեղի ունեցան. երկու տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Սահմանային բախումները շարունակվում էին, եւ ուժերը, որոնք երկու երկրների հարաբերությունները լարված են դարձրել, օրինակ Ադրբեջանի ռազմական հզորության ավելացումը, չդադարեց: Այդկերպ կոնֆլիկտի վերսկսումը միայն ժամանակի հարց է թվում»,- գրել է նա:
Վերլուծաբանն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Վրաստանի վրա գործադրվող ճնշմանը: «Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիայի հաղթանակից եւ խաղից Միխայիլ Սահակաշվիլիի դուրս գալուց հետո Վրաստանը մի փոքր ազատ շունչ քաշեց: Սակայն երբ նոր կառավարությունը թույլ տվեց հասկանալ, որ մտադիր է ՆԱՏՕ-ի շարքերն անցնել, Կրեմլը Հարավային Օսիայի դե ֆակտո «սահմանին» սադրանք հրահրեց: Իսկ Վրաստանը հայտարարեց հիմնականում արեւմտյան զենքով վերազինվելու մասին: Սա նոր կոնֆլիկտի չի հանգեցնի, սակայն Ռուսաստանի, Վրաստանի եւ արեւմտյան պետությունների փոխհարաբերությունների զարգացումը հետաքրքիր է դառնում, այն ժամանակ, երբ Վրաստանը իր տեղն է որոնում աշխարհաքաղաքական քարտեզի վրա»,- նշել է վերլուծաբանը:
Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանի մեկուսացմանը: «Տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումը լիարժեք չի լուսաբանվում: Ադրբեջանի խնդիրները Հայաստանի հետ հայտնի են, սակայն 2013թ.-ին նրա հարաբերությունները սրվեցին մի շարք այլ պետությունների հետ: Իրանի հետ սահմանային բախումներից բացի «ահաբեկչական» դավադրություններ ու Կասպից ծովի ռազմականացում տեղի ունեցան: ԱՄՆ-ը քննադատում էր Ադրբեջանում բռնաճնշումների քաղաքականությունը: Ռուսաստանը սիրաշահելու քաղաքականություն էր վարում, որը Հայաստանի խանդն առաջացնելու նպատակ էր հետապնդում: Հետո Ռուսաստանը հասկացրեց, որ Ղարաբաղի շուրջ պայքարում Ադրբեջանի դեմ դուրս կգա: Թուրքիան լուրջ զիջումներ է կատարում Հայաստանի նկատմամբ՝ հարց առաջացնելով այն մասին, թե որքան երկար է Անկարան մտադիր իր հայկական քաղաքականությունը փոխանցել կապալառու Բաքվին»,- գրել է Ջոշուա Կուչերան:





























