Եթե հավատանք Վլադիմիր Պուտինին, Եվրասիական միությունը կդառնա համախոհ պետությունների «ընտանեկան գործը»: Սակայն Եվրոպայում մտավախություն ունեն, որ Մոսկվայի եղբայրական հռետորաբանության թիկունքում դառը ճշմարտությունն է. Կրեմլը փորձում է վերածնել ԽՍՀՄ-ն եւ վերսկսել սառը պատերազմը, ասված է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող Լիլյա Շեւցովայի հոդվածում, որը հրատարակվել է The Financial Times-ում:
«Եթե Պուտինն իրականում նման նպատակներ է դրել, ապա նրա շարժառիթների մասին կարելի է միայն ենթադրություններ անել: Հնարավոր է՝ Բորիս Ելցինի իրավահաջորդը, որի օրոք խորհրդային տերությունը փլուզվեց, ցանկանում է պատմության մեջ մնալ որպես այն վերամիավորած առաջնորդ»,- գրում է հեղինակը:
Ներկայումս Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը Մաքսային միության անդամ են, բայց սա միայն սկիզբն է»,- գրում է Շեւցովան. մինչեւ 2015թ. նրանք կմիանան Եվրասիական միությանը: Նոր կառույցը ԵՄ-ի հետքերով կսկսի կրկնել ինտեգրման մանտրան եւ կպատճենի եվրոպական կառույցների ուրվագծերը: Սակայն ապագա կառույցի ձեւի հարցում դեռ շատ հստակեցումներ պետք է արվեն: Մոսկվան առաջ է քաշել վերպետական քաղաքական կառույցների գաղափարը, ինչն անկախության մասնակի կորուստ կնշանակի: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ անգամ արդեն նկատել է, որ ինքնիշխանությունը սրբապատկեր չէ, որի առաջ աղոթում են»: Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը, ընդհակառակը, կարծում է, որ բավական է նաեւ տնտեսական ինտեգրացիան, հաղորդում է Inopressa.ru-ն:
Եվս մեկ խոչընդոտ. կարո՞ղ են արդյոք պուտինյան պակտը ստորագրած պետություններն ընդունել այլ երկրների «սիրահետումները»: Վճռականությունը, որով Կրեմլն Ուկրաինային թույլ չտվեց ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը, վկայում է, որ Պուտինն իր եվրասիական նախագիծը Միացյալ Եվրոպայի այլընտրանք է դիտարկում:
Պուտինը չէր կարող այդքան հեռու գնալ, եթե նրա ծրագիրն ամրագրված չլիներ ռուսական ֆինանսական հզորությամբ, ընդգծում է քաղաքագետը:
Վերլուծաբանների հաշվարկներով՝ Լուկաշենկոյի ռեժիմին աջակցելը Ռուսաստանի համար տարեկան 7-12 մլրդ դոլար է արժենում, իսկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Ռուսաստանի հետ «ամուսնության» համաձայնության համար Մոսկվան 15 մլրդ դոլար է ներդրել եւ խոստացել էժանացնել գազի գինը:
Սակայն ռուսական բյուջեն ընդունակ է միայն սահմանափակ քանակությամբ կաշառքների: Բացի այդ, գումարի անբավարարությունը միակ խոչընդոտը չէ: Ուկրաինայում եւ Բելառուսում Ռուսաստանից կախվածությունը հակասում է ազգայնական տրամադրություններին, նշվու է հոդվածում:
Ռուսաստանցիներին էլ շուտով կսկսի ձանձրացնել իրենց վերնախավի կայսերական բարդույթների համար վճարելը:
«Եվրասիական նախագիծը հետխորհրդային կղզիախմբի միրաժ է, որտեղ հեղինակավոր առաջնորդներն օգտագործում էին միմյանց՝ իշխանության ղեկին ավելի երկար մնալու համար:
Դա կշարունակվի որոշ ժամանակ, սակայն արդեն շուտով Պուտինի կայսերական ձգտումների վերջը կգա», - կանխագուշակում է Շեւցովան:





























