Լիբանանյան քաղաքական բեմը մակընթացությունների եւ տեղատվությունների միջեւ հայտնված իրավիճակում է։ Այսպես, եթե մի կողմից քաղաքական թնջուկների հանգուցալուծման միտող հայտարարություններ են կատարվում, մյուս կողմից ապահովական հարթությունը հերթական անգամ ենթարկվում է նոր ցնցումների: Կառավարության կազմության ուղղությամբ դրական նախադրյալներ փոխանցող երեւույթները ավելանում են, առանց իհարկե իրողական տվյալներ ճշտելու: Տրամագծորեն հակադրված բեւեռների միջեւ հայտարարողական մակարդակի վրա փոխասացությունները մտածելու տեղիք են տալիս, որ տեղաշարժի սկիզբը մոտալուտ է:

Բայց լիբանանյան դիպաշարին հետեւելու փորձառություն կուտակած ցանկացած մարդու մտքում մրճահարվում է թերահավատությունը, որ ամեն պահի պատրվակ-պատճառային անմիջական հետեւողականությամբ կարող է կտրուկ փուլ գալ լավատեսություն կոչվող լիբանանյան խավաքարտից կառուցված դղյակը, եթե մանավանդ արտալիբանանյան կենտրոններում աշխատող կանաչ լույսերը վերածվեն կարմիրի: Այս հանգրվանին թվում է, որ նարնջագույն լույսը դեպի կանաչի անցում կատարելու կարգավիճակում է եւ ոչ թե դեպի կարմիրի:

«Ժնեւ-2»-ը հետզհետե տեսանելի է դառնում: Հատուկ լուսարձակ է խլում ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի հայտարարությունը, որի համաձայն, տարածաշրջանային կարեւոր ուժ նկատվող Իրանի գործոնը դրական դերակատարություն պետք է ունենա սիրիական տագնապի հանգուցալուծման ընթացակարգում:

Սրան գուցե նախանշային իմաստ պետք է տալ` միջուկային թղթածրարի հարցով նոր բանակցությունների վերաձեռնարկման մոտալուտ լինելը նկատի ունենալով: Այս պարունակում էլ պետք է դիտարկել ԱՄՆ նախագահի վերահաստատումը, թե ժամանակը չէ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու:

 «Ժնեւ-2»-ի տեսանելիության զուգահեռ, Լիբանանի նախկին վարչապետի սպանության հարցով միջազգային դատարանի նիստերի մեկնարկի հետ կապվող երեւույթների մեկնաբանությունը կարիքը ունի հետագա ուղղվածությունների ձեւավորման: Ուշագրավն այն է, որ նախապես ամբաստանության սլաքների հասցեատիրոջ հետ կառավարություն կազմելու պատրաստակամությունը հրապարակվում է այժմ` քաղաքական համեմատական լավատեսության նոր երանգ ապահովելով:

Ապահովական գետինը համապատասխան չէ քաղաքական մակարդակի վրա արձանագրվող նոր երեւույթներին: Հերմելի պայթումից մինչեւ Արսալի հրթիռակոծումն ու հյուսիսի  վառոդի տակառների պայթուցիկության չափը մտածել են տալիս երկրի ու քաղաքացիների կյանքերին սպառնացող լուրջ վտանգների մասին:

Մինչ, Մոսկվա-Վաշինգտոն հրադադարի համաձայնությամբ եւ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Սիրիայի քիմիական զինաթափման գործողությունների մեկնարկով սիրիական ճգնաժամը հիմնական ձեւափոխում է ապրել: Կառավարական եւ հակակառավարական ուժերի բախումը վերածվել է ծայրահեղ կրոնականության կողմից իրականացվող լայնածիր գործողությունների բանակի դեմ եւ ապա ներընդդիմադիր ընդհարումների եւ նույնիսկ ներծայրահեղական հակամարտությունների:

Ծայրահեղականության արմատավորումն ու կայացումը հայտնապես մտահոգել են Արեւմուտքը: Իրաքի իշխանությունների սանձազերծած մաքրազտման գործողությունները մտածել են տալիս այս ուղղությամբ համալիր ծրագրի մասին:

Այս տրամաբանության մեջ կարող են  դիտարկվել նաեւ զսպիչ հանգամանքները` Լիբանանը սիրիական տարբերակով չքաոսացնելու: Իրանի գործոնի դրական հանգամանքը տեսնելու կամ իրանամետ ուժերի հետ կառավարություն կազմելու ուղղությամբ պատրաստակամ լինելու: Լիբանանը ծայրահեղականության դիմաց դարպասելու նպատակով մինչեւ այս գործիքների պտուտակների ամրացումը, չի բացառված, որ այս երկիրը ցնցեն այլ պայթումներ: Կառավարելի քաոսի այս հանգրվանը փակելը անհրաժեշտ է, իսկ այդ հանգրվանի համար նույնքան անհրաժեշտ` կառավարության կազմությունը: Բայց սա արդեն արտալիբանանյան կենտրոններում է որոշվում։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր