Անցած 2013 թվականին թվով 13 դատավորներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության՝ իրենց գործունեության ընթացքում կատարած օրինախախտումների համար: Ընդ որում, նրանք բոլորն էլ պատասխանատվության ենթարկվել են 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում:

Iravaban.net-ի փոխանցմամբ, Հայաստանի Արդարադատության խորհուրդը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանին հայտարարել էր խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար էական նշանակություն է ունեցել այն փաստը, որ դատավորը, անտեսելով կալանքի տակ պահելու օրենքով սահմանված թույլատրելի ժամկետը, բավարարել է քննիչի միջնորդությունը եւ միջին ծանրության հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձի խափանման միջոց կալանքն ապօրինաբար երկարացրել է:

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը Արդարադատության խորհդի որոշմամբ նախազգուշացում է ստացել: NEWS.am-ը ժամանակին անդրադարձել էր սույն դատավորի գործունեությանը: Դեռեւս 2006թ. օգոստոսին «Ժամանակ» թերթը նշել էր,  որ Նաիրա Հովսեփյանը, դատաբժշկական փորձաքննություններ է նշանակել երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող եւ օլիգորֆրենիա հիվանդությամբ տառապող անձի նկատմամբ, նրա մի քանի ազգականների դրդմամբ փորձելով վերջինիս անգործունակ ճանաչել եւ ուղարկել հոգեբուժարան, որպեսզի վերջինիս տունը բաժին հասնի ազգականին: Փորձաքննություն նշանակելու իրավունքը, ի դեպ, ըստ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, դատավորը չուներ:

2013թ. ստացած նախազգուշացումը վերաբերում է միանգամից չորս տարբեր քաղաքացիական գործերի: Այդ գործերից մեկի քննությունը տեւել էր երկու տարուց ավելի, հրավիրվել են 43 նիստեր, իսկ արդյունքում որոշումը բեկանվել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, իսկ Վճռաբեկ դատարանը հաստատել էր Վերաքննիչի որոշումը: Մեկ այլ գործի քննությունը տեւել է 3 տարուց ավելի, հետո էլ տարուց ավելի կասցվել էր: Երրորդ գործով քննությունն էլ տեւել է մոտ 27 ամիս, եւ 38 նիստ: Արդարադատության խորհուրդն ինքն է արձանագրել, որ դատավորը որեւէ միջոց չի ձեռնարկել քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու ուղղությամբ, խախտել է օրենսդրությամբ եւ Դատավորի վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:

«Առավոտ» օրաթերթն էլ անցած տարվա հունիսին էր անդրադարձել դատավոր Նաիրա Հովսեփյանի գործունեությանը: Ըստ թերթի, նախկին ամուսիններ Հրաչյա Մխեյանի եւ Հասմիկ Մխեյանի գործով «դատավոր Նաիրա Հովսեփյանը կատարել է օրենքի կոպիտ խախտում, որն ապացուցվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, որտեղ բողոք էր ներկայացրել Հասմիկ Մխեյանը»: «Խնդիրն այն է, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը գտել է, որ բազմաբնակարան շենքի գույքը հնարավոր չէ կիսել եւ այդ իսկ պատճառով որոշում է կայացրել, որ այն պետք է հրապարակային սակարկություններով վաճառվի»,- գրել էր թերթը՝ նշելով, որ Հասմիկ Մխեյանի շահերի պաշտպան Մարո Խաչատրյանը պատրաստվում է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ, ով նույնացվելով փորձագետին` ինքն է որոշել թե տվյալ բնակարանը հնարավո՞ր է առանձնացնել, թե` ոչ:

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին Արդարադատության խորհուրդը հայտարարել է նախազգուշացում: Վերջինս քաղաքացիական մի գործի քննությունը ձգձգել է ավելի քան 30 ամիս (2 տարի 6 ամիս), որից մոտ 7 ամիս գտնվել է կասեցված վիճակում: Խորհուրդը գտել է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու եւ ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ եւ Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը նախազուշացում է ստացել: Արդարադատության խորհրդի որոշման համաձայն` թվով 10 քաղաքացիական գործերից 7 քննությունը համապատասխանաբար տեւել է շուրջ 1 տարի 10 ամիս, 1 տարի 8 ամիս, 18 ամիս, 15 ամիս, 17 ամիս, 16 ամիս, 15 ամիս, 17 ամիս, 18 ամիս եւ 26 ամիս: Ընդ որում, նշված քաղաքացիական գործերից վերջին ութի նիստերի միջակայքը կազմել է 6-7 ամիս: Խորհուրդը գտել է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու եւ ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ եւ Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանը եւս քրեական մի գործի քննությունը ձգձգել է 11 ամիս: Քրեական գործի քննության ընթացքում մեղադրողը` 8 անգամ, իսկ տուժողի ներկայացուցիչը` 5 անգամ չեն ներկայացել դատական նիստերին եւ դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից այդ կապակցությամբ որեւէ միջոց չի ձեռնարկվել:

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանը ենթարկվել է նախազգուշացման: Վեց քաղաքացիական գործերով դատարանի կողմից ինքնաբացարկի որոշումները կայացվել են հայցադիմումները վարույթ ընդունելուց հետո գործերը համապատասխանաբար շուրջ 1 տարի 5 ամիս, 1 տարի 7 ամիս, 1 տարի 6 ամիս, 1 տարի 6 ամիս, 10 ամիս եւ 4 ամիս քննելուց հետո, ընդ որում, ոչ բավարար հիմքով, այն է` միայն միջնորդությունները ներկայացնողների կասկածները փարատելու համար: Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ դա պահանջվում է օրենքով, իսկ օրենքի պահանջը հանգում է նրան, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով:

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: Դատավորը թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործը քննել է ավելի քան 1 տարի, իսկ մեղադրյալւ 1 տարի 9 ամսից ավելի գտնվել է անազատության մեջ: 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին եւ Ամրահի Պետրոսյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ակնհայտ եւ կոպիտ խախտման համար:

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Դատավորի դրսեւորած անգործության արդյունքում հայցվորը զրկվել է այն բողոքարկելու հնարավորությունից:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի լիազորություններն էլ դադարեցվել են Հանրապետության նախագահի որոշմամբ, քաղաքացիական մի գործով դատավարական օրենքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտման համար: Ընդ որում դատավորը նախկինում էր խիստ նկատողություն է ունեցել: